Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին. նրանք հայտարարված 207 զոհերի կազմում են. ՊՆ

  • Sep 20, 2022

Ադրբեջանական կողմն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանին է փոխանցել 95 հայ զինծառայողի դի։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Մեր հարցին՝ արդյո՞ք վերադարձված մարմինների թիվը Անվտանգության խորհրդի կողմից երեկ հրապարակված զոհվածների եւ անհետ կորածների ընդհանուր թվի մեջ է մտնում, Արամ Թորոսյանն ասաց՝ այո։

Ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը ևս 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Մեկնաբանություն

Որոնում