Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ` սահմանային հատվածում ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում երեկ հայտնել էր` եթե ադրբեջանական ԶՈՒ-ն նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քկմ տարածք էր օկուպացրել մեր երկրից, ապա այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կմ են օկուպացրել:
«Խոսքը սահմանային դիրքային առաջխաղացման մասին է` գյուղ չեն մտել, գյուղն իր տեղում է` հայկական վերահսկողության ներքո։ Ներքին Հանդից տարհանվել են կանայք ու երեխաները, բայց տղամարդիկ տեղում են։ Նրանց նաև զենք են բաժանել, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտակար լինեն բանակին»,–ասաց Ղազարյանը։
Նա հայտնեց նաև, որ Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ճակատեն համայնքներից տարհանում չի իրականացվել։
Սյունիքի փոխմարզպետը հավելեց, որ երեկվանից կրակոցները դադարել են, այս պահին էլ խաղաղ է։