«Ամենավատ բանկը, հոգեվարքի մեջ եք». հաճախորդները դժգոհ են Acba bank-ի աշխատանքից

  • Aug 06, 2024

Բանկային համակարգը անդադար փոփոխվող ու զարգացող ոլորտ է։ Ժամանակակից մոտեցումները,  ահռելի ներդրումներն ու բարեփոխումները ուղղված են վստահելի և անվանի կառույցի համբավ ստեղծելուն։ Իսկ ովքե՞ր են որոշում բանկի անվանի և վստահելի լինելը. բնականաբար, հաճախորդները։ Իսկ ո՞րն է դրա առաջին նախապայմանը. իհա՛րկե բարեխիղճ և պատասխանատու սպասարկումը։

21-րդ դարը ընձեռում է լայն հնարավորություններ, որպեսզի ամենատարբեր հարթակներից բարձրաձայնվեն այս կամ այն կազմակերպության մասին կարծիքներն ու գնահատականները, ու սոցիալական հարթակների մեկնաբանությունների հատվածը, ամենատարածված տարբերակն է խնդիրները ներկայացնելու համար։

StarNews-ը ուսումնասիրել է Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք բանկերի հաճախորդների գնահատականները, և այսօր ներկայացնում ենք Acba bank-ի աշխատանքի վերաբերյալ համացանցի օգտատերերի մեկնաբանությունները։

Ուսումնասիրելով բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջի հրապարակումների մեկնաբանությունների հատվածը, StarNews-ը նկատել է, որ մանավանդ վերջին 5 օրում ավելացել են մեկնաբանությունները, որտեղ մի շարք օգտատերեր դժգոհում են բանկի սպասարկման վատ որակից, օպերատորների անպատասխանատու աշխատանքից և ոչ միայն։

Օրինակ՝ օգտատերերից մեկը նշել էր. 

«Հայաստանի ամենավատ բանկը։ Ժամերով չենք կարողանում կապ հաստատել օպերատորների հետ, իբրև թե զբաղված են։ Ոնց կարա առավոտից երեկո զբաղված լինել, չպատասխանել հաճախորդի հարցերին, էդքան դժվար ա՞։ Շատ վատ սպասարկում, մի հարցի համար չի լինում կապ հաստատել ձեր բանկի հետ։ Սգո սրահները ձեր բանկից ավելի լավ են աշխատում»-, նշված էր գրառման մեջ։

Բանկի մեկ այլ հաճախորդ էլ, անդրադառնալով նույն թեմային, գրել էր.

«Ձեր զանգերի կենտրոնը հոգեվարքի մեջ է։ Երեք օր է չեմ կարողանում ճշտում անել, ահավոր է»։

Ի դեպ, Acba bank-ի ֆեյսբուքյան էջը օգտատերերի նամակներին արձագանքում է ընդամենը մեկ անգամ՝ կարծես նրանց լավություն անելով, կամ պարտականություն կատարելով։ Մնացած մեկնաբանությունները մնում են անպատասխան։

Նմանօրինակ մեկնաբանությունները բազմաթիվ են։ Հստակ է՝ Acba bank-ը խնդիրներ ունի սպասարկման ոլորտում։ Ի դեպ՝ մեկ հետաքրքիր փաստ ևս. էջը ուսումնասիրելիս մոտ 50 հազար դիտում ունեցող նյութերին չկա ոչ մի մեկնաբանություն ու կա մշտական մեկ մարդ, ով լայքի կոճակ է դնում։ Այս պարագայում կարելի է ենթադրել, որ կա՛մ էջի պատասխանատուները հեռացնում են որոշ մեկնաբանությունները, կա՛մ սրանք կեղծ դիտողակականություն են, ու հրապարակումները, պարզապես չեն հետաքրքրում օգտատերերին։

Մենք շարունակելու ենք հետևել հայաստանյան բանկերի սոցիալական էջերին՝ ի մի բերելով հաճախորդների մեկնաբանությունները և դրանք ներկայացնել հանրության դատին։

Մեկնաբանություն

Որոնում