«Սոցիալական ցանցերը դարձել են մարդկանց կյանքի անբաժանելի մասը և այսօր մեծ պահանջարկ ունեն։ Կան մասնագետներ, որոնք ցանկանում են բավարարել այդ պահանջարկը` մշակում նոր պրոդուկտներ ու առաջարկում շուկային: Այժմ ինստագրամյան «ռիլերը» ամենամեծ պահանջարկ վայելող պրոդուկտներից են»,- գրում է Tert.am Life–ը և ներկայացնում իր զրույցը`ոլորտի ամենապահանջված ռիլմեյքերներից մեկի՝ Աննա Լալայանի հետ, ով իր հերթին մասնագիտությամբ նորաձևության ոլորտի բիզնես–կառավարիչ է։
–Աննա, Դուք Հայաստանի ամենապահանջված ռիլմեյքերներից եք: Խնդրում եմ՝ պատմեք, թե ինչպե՞ս որոշեցիք մասնագիտանալ այս ոլորտում և ինչո՞ւ եք ընտրել ինֆորմացիայի փաթեթավորման հենց այս ձևաչափը:
–Ես, իհարկե, ինձ այդպես չէի անվանի, բայց իր գործն ամենաշատ սիրողների շարքում կարող եմ ինձ տեսնել: Մասնագիտությամբ նորաձևության ոլորտի բիզնես-կառավարիչ եմ, սովորել եմ Միլանի «Մարանգոնի» նորաձևության ինստիտուտում: Միլանյան տարիները փորձ ու գիտելիք տվեցին ոչ միայն կրեատիվ կառավարում, ֆինանսներ, մերչընդայզինգ և այլ ուղղություններով, այլև խորացված կարողություններ մարքեթինգի ոլորտում, որը այս պահին հենց իմ հիմնական աշխատանքն է: Փաստացի, ես դեռ աշխատում եմ իմ մասնագիտության մի փոքր մասով միայն, որից մեծ բավականություն եմ ստանում:
Այն պահին, երբ որոշեցի մարքեթինգով զբաղվել, Հայաստանում ռիլմեյքինգի ուղղությունը գրեթե բացակայում էր, սակայն, ոլորտի արդյունավետ լինելը շատ ակնհայտ էր: Ճիշտ մարքեթինգի և վիդեո մոնտաժի բավարար գիտելիքների միախառնումը ստեղծում է կարճ, անչափ արդյունավետ և կրեատիվ գովազդ: Երկու տարի առաջ սա մի նոր ձևաչափ էր, հիմա արդեն ինստագրամի հստակ առաջատարն է:
– Ռիլերի պատրաստումը ենթադրում է օպերատորական, սցենարային և մոնտաժային աշխատանք, այդ բոլոր պարտականություններով զբաղվում է հենց ռիլմեյքե՞րը, թե՞ պաշտոնները հստակ բաժանված են ձեր թիմում:
–Օպերատորական և մոնտաժային աշխատանքը հիմնականում ինքս եմ անում, քանի որ հստակ պատկերացում պետք է ունենա հենց ռիլմեյքերը, թե յուրաքանչյուր կադրում ինչ է ուզում ստանալ, իսկ սցենարը, կրեատիվ լուծումները, ասելիքն ու հիմնական ուղերձն առավելապես թիմային աշխատանք եմ համարում, և այդպես էլ հաճախ աշխատում ենք: Կարևոր է՝ մինչ նկարահանումը հստակ պատկերացում ունենանք, թե յուրաքանչյուր կադրում ինչ ենք ստանալու և ինչպես ենք մոնտաժելու: Այդ պատճառով էլ ցանկացած ռիլի պլանավորում նախ սկսվում է «մուդբորդի» շուրջ քննարկումներով ապրանքանիշը ներկայացնող պատասխանատուների հետ: Կադրում դետալները, էմոցիան, գույները, մոդելները, հագուստը և պարզապես ամեն ինչ, ինչ կադրում երևալու է, շատ կարևոր է, որ նախապես պլանավորած լինի։
–Որտեղի՞ց եք ստանում ոգեշնչում ռիլերի պատրաստման գործում: Այս հարցը տալիս եմ, քանի որ Ձեր աշխատանքը մեծ կրեատիվություն է պահանջում:
–Նորաձևությունը սկզբում է միայն մասնագիտություն դառնում, հետո չես էլ նկատում, թե ինչպես է այն վերաճում ու դառնում քո ամբողջ կյանքը, քո հետաքրքրությունների, մտքերի, ոգեշնչման առանցքը: Շարունակում եմ լինել իտալական հայտնի բուհի ցանցերի անդամ, ստանում եմ նորաձևության աշխարհի բոլոր նորությունները, տրենդները, կանխատեսումները, հետևում եմ բոլորին միշտ մի թաքուն մտքով, որ նոր ուղղություններին, նոր լուծումներին միշտ կարելի է հասնել նաև Հայաստանում: Հայկական գույները գրեթե միշտ պարունակում են նորաձևության աշխարհի տարվա երանգները, իսկ աշխարհի հետ փորձել համաքայլ ընթանալ միշտ էլ հնարավոր է: Պետք է նշեմ, որ բացարձակ կարևոր չէ՝ տեղեկատվությունը ինչին է վերաբերում․ զարդեր, գյուղատնտեսություն, թե սրճարան, կարևոր է մի նախապայման՝ գեղեցիկը պարտադիր պայման է ամենուր:
–Ինչպե՞ս կառուցել գրագետ հոլովակ, որը կունենա մեծ դիտումներ: Որո՞նք են 5 պարտադիր կանոնները, որոնց պետք է հետևել:
–Մեծ դիտումների կարելի է հասնել տարբեր ճանապարհներով. գռեհիկն ու անսպասելին ևս մեծ դիտումներ կարող են բերել, բայց հետևողական, արդյունքի հասցնող և կայուն աճ ապահովող աշխատանքի համար լրիվ այլ բան է պետք: Ճաշակ, սա թիվ մեկ պայմանն է: Կապ չունի՝ ինչ է պահանջվում ներկայացնել, ինչ էլ լինի, պետք է ներկայացվի ճաշակով, քանի որ մնացած դեպքերում այն երկար կյանք չի ունենա: Ճաշակ, դինամիկա, գույներ, թաքնված և անթաքույց ուղերձներ, ոգեղենություն. թերևս այս հինգն առանձնացնեմ ձեր հարցի համատեքստում:Ռիլերի աշխարհում առաջին քայլերն անելուց շատ կարևոր է գտնել ճիշտ լուսավորություն, հեռախոսի տեսախցիկը նկարահանումից առաջ մաքրել ու երբեք չկաշկանդվել։
Ամբողջական նյութը`սկզբնաղբյուրում