Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը չի հարում որևէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքն ու իր տեսլականն այս ամենի վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ Արամ Նիկոլյանը։
«Իմ ցանկությունը եղել է անել բացառապես այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, և, ամենակարևորը, որ երբեք չմտածեն, թե հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների»,-ասել է Նիկոլյանը։
Նա նաև հավելել է, որ ցավում է այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ իր արարքը կարող է վատ կերպով անդրադառնալ սահմանում կանգնած զինծառայողների վրա:
«Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են իմ սահմանները։ Վստահ եմ, որ եթե կան այնպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ ես պիտի չանեի, թող կարծեն իրենց տանը ու, փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը, փարատվեն դրանով»,- նշել է դիզայները: