«Կրակը վերևից թափվում էր ուղիղ ոտքերիս վրա». այրվածքներ ստացած 28-ամյա Հռիփսիմեն պատմում է «Սուրմալու»-ի պայթյունից. News.am

  • Aug 18, 2022

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ուժեղ պայթյունից վիրավորում է ստացել 28-ամյա Հռիփսիմե Երեմյանը, որն իր մայրիկի հետ գնացել էր եղբոր երեխային նվերներ գնելու համար։

NEWS.am-ին Հռիփսիմեն պատմեց, որ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհից ոտքերի շրջանում այրվածքներ է ստացել։

«Ցավեր շատ ունեմ, երկու ոտքերս այրվել են, սալջարդ ունեմ, ավելի խորը վնասվել է ձախ ոտքս։ Այս ընթացքում նորմալ չեմ կարողանում քայլել։ Հիմա բուժումս տանն եմ շարունակում, ընթացքում գնում եմ հիվանդանոց՝ վիրակապությունների։ Բժիշկներն ասում են՝ երկար բուժում պետք է ստանամ»,- ասաց Հռիփսիմե Երեմյանը։

Մասնագիտությամբ բուժքույրը պատմեց, որ արդեն գնումները կատարել էին, պատրաստվում էին վճարել ու դուրս գալ, սակայն եռահարկ շենքը պայթեց։ Ուժեղ պայթյունի պահին Հռիփսիմեն ու իր մայրը շինության առաջին հարկում են եղել. «Ընկանք քարերի արանքը, մեզ խանութի տերն օգնեց, որ դուրս գանք։ Մայրիկս էլ է վիրավորում ստացել, բայց թեթեւ քերծվածքներ են։ Որ մնացել էինք քարերի արանքում, վերեւից կրակ էր թափվում ու թափվում էր ուղիղ ոտքերիս վրա։ Խանութի տերը քարերը հետ հրեց, լույս ընկավ, ու իրար օգնելով՝ դուրս եկանք։ Որոշ աշխատանք տեղում արել եմ. հղի կին կար, իրեն խնդրում էի, որ շնչեր։ Լույսը որ երեւաց, կարողացել եմ հրել իրենց, վերջում ես եմ ինձ գցել քարերի վրա»։

Մեկնաբանություն

Որոնում