Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի և կնոջ՝ Տաթևի առաջնեկը՝ Ռոբերտը։ Այս մասին հայտնել էր Տաթևը, ով ինստագրամյան իր էջում հրապարակել էր հուզիչ հոլովակ՝ գրելով.
«15.09.2023, Ռոբերտ Հայկի Աղաջանյան, բարի գալուստ լույս աշխարհ, մեր կյանքի իմաստ»։
Նշենք, որ Հայկը հրաշքով էր ողջ մնացել պատերազմի ընթացքում։ Նա Բժշկական քոլեջը նոր էր ավարտել և որպես բուժակ ուղևորվել էր Արցախ, որտեղ էլ փորձել է օգնել վիրավորում ստացած հայրենիքի պաշտպաններին։
Մարտական գործողությունների հենց սկզբում նա իր ընկերների հետ շտապել է Մեխակավան՝ ճանապարհին հայտնվելով հակառակորդի թիրախում։ Նա իր ընկեր Արթուրի հետ վիրավորում է ստացել՝ մի քանի ժամ շարունակ այդպես մնալով մարտի դաշտում։ Նրանք արնաքամ կարող էին լինել, եթե չհայտնվեր Շահեն Բաբայանը, ով էլ տղաներին Մեխակավանի բուժկետ է տեղափոխում։
Հետո Հայկին Ստեփանակերտ են տեղափոխում, որտեղ վիրահատելուց հետո Երևան են փոխադրում, որտեղ էլ բժիշկներին հաջողվում է փրկել իրենց երիտասարդ գործընկերոջ ձախ ձեռքը, որը պետք է անդամահատեին։
Հայկը կնոջ հետ ծանոթացել է հենց հիվանդանոցում, որտեղից էլ սկսվել է նրանց գեղեցիկ սիրո պատմությունը։
StarNews-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին՝ մաղթելով փոքրիկին անհոգ և խաղաղ մանկություն։ Առաջարկում ենք նաև դիտել հուզիչ ու բացառիկ կադրերը։