Հերոսը. Միսակ Մարգարյանը հրդեհից հետո փորձել է օգնել մի կնոջ, բայց չի հասցրել, երկուսն էլ զոհվել են (լուսանկար) News.am

  • Aug 18, 2022

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում կիրակի օրը պայթյունի հետեւանքով զոհված Միսակ Մարգարյանը 57 տարեկան էր, նա առեւտրի կենտրոնում աշխատում էր բացման օրվանից։ Նա եղել է ավտոկայանատեղիի հսկիչ, այնուհետեւ առաքիչ, իսկ վերջին տարիներին տաքսի էր վարում, հիմնականում Սուրմալուի տարածքից էր վերցնում իր ուղեւորներին։

NEWS.am-ի հետ զրույցում Միսակ Մարգարյանի հարազատներից մեկը պատմեց, որ դեպքի պահին Միսակը եղել է շենքից հեռու, հրդեհից հետո մոտեցել է մի կնոջ առաջին օգնություն ցույց տալու, այդ պահին պայթյունն է եղել, ինչի հետեւանքով երկուսն էլ մահացել են։ Միսակ Մարգարյանը  երկու երեխաների հայր էր, դեպքից 1.5 ժամ առաջ խոսել է երեխաներից մեկի հետ։ 57–ամյա տղամարդու դին հայտնաբերել են դեպքից ժամեր անց։

Հարազատը պատմեց, որ դեպքի օրը Միսակը ընկերների հետ դրսում է եղել՝ առևտրի կենտրոնի հարակից տարածքում. «Ականատեսները պատմել են, որ առաջին պայթյունի ժամանակ Միսակը փորձել է փլատակների տակ մնացած մի կնոջ օգնել, բայց երբ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, երկուսն էլ մահացել են»:

Միսակ Մարգարյանը ունի մեկ տղա և մեկ աղջիկ: Դեպքից 1.5 ժամ առաջ Միսակը խոսել է երեխաներից մեկի հետ, նոր ծնված թոռան լուսանկարն է տեսել: «Թոռնիկին մեկ անգամ հասցրեց գրկել»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանություն

Որոնում