«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ջերմուկի ուղղությամբ թշնամին ինտենսիվ հրետանային հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին»։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ «Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»։