Վարչապետը գաղափար էլ չունի, որ դիմել եմ իրեն, անբաններ են նստած. Լուսինե Կիրակոսյան

  • Nov 26, 2022

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը ու այլ դերասաններ հունվարի 1-ից չեն աշխատի Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Երևանի քաղաքապետարանն 90 հազար դրամ աշխատավարձը շատ է համարում մի շարք վաստակավոր արտիստների համար և որոշել է, որ դերասաններն այդ չնչին գումարին անգամ արժանի չեն: Չնայած նրան, որ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է և մշտապես հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության փրկությունը հենց իր մեջ է, այսօր հայտնվել է նման ծանր իրավիճակում: Այս մասին «Հրապարակը» զրուցել է դերասանուհու հետ:

– Տիկին Լուսինե, Դուք օրվա իշխանություններին այնպիսի մեծ ջանասիրությամբ էիք աջակցում, փոխարենն ամեն անհաջողության մեջ մեղադրում էիք ընդդիմությանը: Հետաքրքիր է, հիմա Ձեր կարծիքը փոխվե՞լ է, թե՞ դեռ շարունակում եք հավատալ ու համակրել այս իշխանություններին:

Բայց իշխանություններն ի՞նչ կապ ունեն թատրոնի խուլիգանների հետ:

– Դրամատիկական թատրոնը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է: Ավելին` քաղաքապետարանն է հրաժարվում ֆինանսավորել թատրոնը:

– Հա, քաղաքապետարանը՝ հա, բայց իշխանություն ասելով դու ո՞ւմ նկատի ունես:

– Նույն Երևանի քաղաքապետն այս իշխանության անդամ է, ԿԳՄՍ նախարարն էլ է իշխանության անդամ, ինչո՞ւ եք զարմանում: Այս բարձիթողի վիճակի մեղավորն ո՞վ է ի վերջո:

– Հիմա Դուք ինձանից հաշի՞վ եք պահանջում, որ ես իշխանություններին եմ աջակցում:

– Ոչ, բոլորովին, պարզապես ուզում եմ հասկանալ՝ շարունակո՞ւմ եք նրանց աջակցել, թե՞ ոչ:

– Իշխանության եկած մարդիկ հո բոլորը նույնը չե՞ն: Երկու անգամ գնացել եմ քաղաքապետարան, անգամ ինձ չեն թողել ներս մտնել: Զանգել եմ, ասել են` զբաղված ենք: Նրանք ինձ չեն ընդունում: 90 հազար դրամի համար ինձ թատրոնից հանում են, ուզում եմ հասկանամ էդքան «քյասի՞բ» են, իրենք իրենց անընդհատ պրեմիաներ են տալիս: Ես երբեք չեմ լռել, հազար տարի է ասում եմ, որ ինձ ոչ մի դեր չեն տալիս: Ինչի՞ ոչ մի բան չփոխվեց: Խանդիկյանն ինձ երեսուն տարի է մի դեր անգամ չի տալիս:

– Խանդիկյանի այդ վերաբերմունքն ինչո՞վ է պայմանավորված:

– Դեմս կանգնում, լավ խոսում է, բայց դեր չի տալիս, ես չգիտեմ, թե ինչու: Երևի ինչ-որ բաներ գիտեմ և ինձ տեսնել չի ուզում դրա համար: Հազար ու մի բան կա:

– Ինչե՞ր գիտեք:

– Հազար ու մի բան, չգիտեմ….

– Նշել էիք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ևս դիմել էիք, սակայն Ձեզ չէր ընդունել: Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում կա երկու միլիոն վարչապետ: Ի՞նչ փոխվեց….

– Վարչապետին նամակով եմ դիմել, երևի նա գաղափար էլ չունի, որ ես դիմել եմ իրեն: Նամակս տեղ չեն հասցրել: Իրենցից դուրս անբաններ են էնտեղ նստած, որոնք եսիմ ինչքան էլ աշխատավարձեր են ստանում: Իրենք կարդում են ու պատասխանում, Փաշինյանը տեղյակ էլ չէ, ես համոզված եմ:

– Այս իշխանությունները որոշեցին, որ Հայաստանին մշակույթի նախարարություն էլ պետք չէ, գուցե նախարարություն լիներ, իրավիճակն էլ այլ լիներ….

– Օրինակ, այն ժամանակ, երբ մշակույթի նախարարն Արմեն Ամիրյանն էր, ես շատ գոհ էի: Մի օր կանչեց իր մոտ, ասեց` դու պիես գրի, ես կֆինանսավորեմ և պիեսը կբեմադրես: Բախտս այդտեղ էլ չբերեց, Ամիրյանն ազատվեց նախարարի պաշտոնից: Ամիրյանին ասեցին՝ ռադդ քաշի գնա, դու հին ես, նա էլ թողեց գնաց ու ի՞նչ….

– Այսօր արվեստի մարդիկ այնքան անտեսված են: Ինչպե՞ս եք կարողանում ապրել, հանապազօրյա հաց վաստակել: Մի պահ սերիալում էիք նկարահանվում: Հիմա, կարծես, էկրաններին չկաք:

– Մի պահ, մի հինգ օր նկարահանվեցի ու վերջ: Որ չդիմակայեմ, ի՞նչ անեմ, գնամ մոստից թռնե՞մ: Իմ հաշվին 35 հատ շուն ու կատու եմ պահում:

Մանրամասները`սկզբնաղբյուրում

Մեկնաբանություն

Որոնում