Երազում ենք՝ արագ գտնեն մարմինը, որ քրոջս հոգին խաղաղվի. զոհված Իրինա Գասպարյանի քույրերը ևս պայմանագրային զինծառայող են

  • Sep 24, 2022

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը նոյեմբերի 28-ին կդառնար 47 տարեկան: Իրինան 5 տարի առաջ էր ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում, Վարդենիսից էր: Վերջինիս երկու քույրերը եւս ծառայում են ՀՀ զինված ուժերում:

Քույրերից Նաիրա Գասպարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է, որ դեպքի օրը իր երկու քույրերը եղել են նույն հատվածում՝ Վարդենիսի դիրքերում՝ տարբեր գումարտակներում, մեկը՝ աջ կողմում, մյուսը՝ ձախ: Ըստ տեղեկությունների՝ Իրինան ռազմական գործողությունների առաջին ժամերին է զոհվել:

47-ամյա զոհված կինը երկու երեխաների մայր էր: Դուստրերից մեկը ամուսնացած է, փոքրն էլ ապրում էր մոր հետ: Վերջին անգամ բուժքույրը խոսել էր հենց այդ դստեր հետ: Նաիրային քրոջ դուստրը պատմել է՝ մոր հետ խոսելիս զգացել է, որ խառնաշփոթ է. «Հարցրել է՝ մամա, ի՞նչ է եղել, ի՞նչ է կատարվում: Քույրս էլ հանգստացրել է դստերը, ասել, որ չվախենա, ու ամեն ինչ լավ կլինի: Ինչքան տեղեկացված ենք, ամեն ինչ առաջին կես կամ մեկ ժամում է եղել»:

Խոսելով երկու քույրերի եւ իր՝ պայմանագրային ծառայության անցնելու որոշման մասին՝ Նաիրան նկատում է՝ Վարդենիսում աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ, այնտեղ զորամասը նաեւ աշխատատեղ է. «Իրինային ասում էինք՝ տեղափոխվի, արի զորամաս, գրասենյակային մի բան կանես, բայց չէր ուզում: Վաշտի բուժքույր էր, 14 օր դիրքերում էր, 14 օր՝ տանը»:

Իրինան նաեւ 44-օրյա պատերազմին էր մասնակցել, քույրն ասում է՝ 44 օր դիրքերից չէր իջել:

Իրինա Գասպարյանի մարմինը մինչեւ հիմա չեն գտել: Ընտանիքի անդամները անգամ չգիտեն, թե նա կոնկրետ ինչպե՞ս է զոհվել: Միայն ասել են, որ զոհվել է: Քրոջ խոսքով՝ նկարներով ու տեսանյութերով էլ են տեսել Իրինայի մարմինը: «Դիրքը, որում եղել է քույրս, ասում են՝ գրավված է, ու Իրինայի մարմինը ադրբեջանցիների մոտ է, բայց դեռ չեն վերադարձրել: 95 էլ բերեցին, 35 էլ, բայց դրանց մեջ Իրինայենց դիրքից կամ կողքի դիրքից դեռ ոչ մեկին չեն գտել»,- հավելում է քույրը:

 

 

Նաիրան ասում է, որ անգամ մոռացել են իրենց վիշտը, քանի որ երկրում լարված իրավիճակ է, միայն հույս ունեն, որ հնարավորինս շուտ քրոջ մարմինն իրենց կհասնի ու պատշաճ կերպով հողին կհանձնեն հայրենիքում. «Ինքը այնքա՜ն հանգիստ, այնքա՜ն բարի մարդ էր, որ ուղղակի ասելու չէ, մենակ երազում ենք՝ արագ գտնեն մարմինը, որ քրոջս հոգին խաղաղություն գտնի»:

Մեկնաբանություն

Որոնում