Ձեր գովազդն այստեղ

Ես կդադարեի հարգել Հենրիխ Մխիթարյանին, եթե նա շարունակեր աշխատել ՀՖՖ ղեկավարության հետ, երբ իր մոր հետ նման կերպ են վարվել. Ռուբեն Հայրապետյան

  • Feb 06, 2025

Հենրիխ Մխիթարյանի, Ֆուտբոլի ազգային հավաքականից հեռանալու նրա պատճառների, նրան քննադատողների, դրա բարոյական իրավունքն ունեցողների ու այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ ազգային հավաքականից

Հավաքականից հեռանալու՝ Հենրիխ Մխիթարյանի պատճառները, ըստ Ռուբեն Հայրապետյանի, մի քանիսն են, և դրանցից առաջինն այն է, որ Մխիթարյանի մորը զրկեցին Ֆեդերացիայում աշխատելու հնարավորությունից:

«Դրանից առաջ Հենրիխ Մխիթարյանից վերցրին դիվանագիտական անձնագիրը: Ընդ որում, էդ անձնագիրը Հենրիխի համար մի մեծ բան չէր: Ուղղակի քանի որ նա Շենգեն գոտու երկրներում հաճախ էր ճամփորդում իր աշխատանքի բերումով, դիվանագիտական անձնագրով երթևեկելը զուտ հարմար էր, անընդհատ վիզաների կարիք չէր լինում: Դա էր դրա առավելությունը: Ու դա գիտակցելով՝ սրանք նրանից վերցնում են նրա դիվանագիտական անձնագիրը:

Ո՞ր դեսպանը կամ ո՞ր պատգամավորն է աշխարհում հային ու Հայաստանն այնքան լավ ներկայացրել ու ճանաչելի դարձրել, որքան դա արել է Հենրիխ Մխիթարյանը, որ նրանք ունեն դիվանագիտական անձնագիր, Մխիթարյանը՝ ոչ»,- ասել է ՀՖՖ նախկին նախագահը:

Վերջինս հիշեցրեց Մխիթարյանի դեմ սոցցանցերում որոշ իշխանամերձ շրջանակների կողմից իրականացված և կազմակերպված ֆեյքային արշավների մասին:

«Դրան գումարած Ֆուտբոլի ֆեդերացիայում վեր ընկած էդ երկու ոչնչությունները՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, «երկրպագուների» հետ միասին կազմակերպեցին ու նիկոլական ֆեյքերով իսկական արշավ իրականացրեցին Մխիթարյանի դեմ: Հիշեք՝ ինչեր էին գրում սոցցանցերում՝ «Հենրիխ Մխիթարյանը երբ խաղում է, մենք պարտվում ենք, երբ չի խաղում, հաղթում ենք» կամ «Ժամանակն է Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը», ու նման բաներ… Ո՞վ չգիտի, որ դրա հեղինակը Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն էին: Մտածում էին՝ առանց Հենրիխ Մխիթարյանի կկարողանան ինչ-որ մեծ խնդիրներ լուծել»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Ովքե՞ր են Մխիթարյանին հայրենասիրության դասեր տվողները

«Ինձ համար ամենասարսափելին այն է, որ Հենրիխ Մխիթարյանի նման հայրենասեր տղային հայրենասիրության դասեր է փորձում տալ մի մարդ, որը մնացել է «Սամվել» վեպի տակ. երևի շատ է կարդացել: Ո՞նց կարող է մարդը չսիրել իր ծնողին՝ մորը, ու սիրել հայրենիքը: Դա ինձ համար անթույլատրելի է»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի մասին Արման Բաբաջանյանի գրառմանը:

Նա նաև ուշագրավ այլ բացահայտումներ է արել:

«Արման Բաբաջանյանը, լինելով տարբեր երկրների գործակալ, նաև դավաճան, իր մոր վրա ցուցմունք է տվել, դրա համար մոր արժեքը չգիտի ու մոր արժեքն իմացող մարդուն փորձում է հայրենասիրության դասեր տալ»,- նշեց ՀՖՖ նախկին նախագահը:

Ռուբեն Հայրապետյանն աբսուրդ է համարել այն, որ Հենրիխ Մխիթարյանին հայրենիքը սիրելու դասեր կարող են տալ հայրենիքին իրենց գիտակցական կյանքում որևէ օգուտ չտված մարդիկ, և սա այն դեպքում, երբ Մխիթարյանը մշտապես բարեգործություն է արել, այդ թվում՝ Արցախում, օգնել վիրավոր զինվորներին:

«Չթվարկեմ՝ ինչքան բան է արել: Դեռ 20-21 տարեկանից, երբ Մխիթարյանը բազմաթիվ բարեգործություններ էր անում, Արման Բաբաջանյանն իր հարազատ մոր դեմ ցուցմունք էր տալիս: Ես կդադարեի հարգել Հենրիխ Մխիթարյանին, եթե նա շարունակեր աշխատել ՀՖՖ ղեկավարության հետ, երբ իր մոր հետ նման կերպ են վարվել: Չէ՞ որ հավաքականի ֆուտբոլիստ լինելը, առավել ևս՝ ավագի թևկապ կրելն աշխատանք է: Նա ո՞նց պիտի աշխատեր այն մարդկանց հետ, ովքեր իր մորը չեն թողնում մտնի Ֆեդերացիայի շենք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի մասին

«Մարինա Թաշչյանը պատահական մարդ չէ ֆուտբոլում: Մխիթարյանի մայրը Ֆեդերացիայի 4 նախագահների հետ է աշխատել: Կարևոր մի բան ասեմ: Մխիթարյանի մայրը մինիմում 4-5 անգամ իմ նախագահության տարիներին ցանկացել է ազատվել աշխատանքից. ես եմ իրեն համոզել, որ մնա, աշխատի: Մարինա Թաշչյանի նման աշխատող այսօր ֆեդերացիայում չկա: 5-6 տղամարդու աշխատանք էր կատարում: Այդ կարգի աշխատասեր կին ես Հայաստանում շատ քիչ եմ պատկերացնում»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություն

Որոնում