«Tete A Tete» հաղորդման հյուրն էր Լիա Զախարյանը։ StarNews-ը հետևեց զրույցին։
Լիա Զախարյանն իր մասին պատմեց.
«Ունեցել եմ շատ հետաքրքիր մանկություն, ժողովրդական խոսքով ասված` համով-հոտով։ Ինչպիսին, որ լինում են իսկական մանուկները՝ դրսում խաղալ, ընկերներ։Ամեն ինչ ունեցել եմ,ունեցել եմ մի փոքրիկ թերություն, ընտանիքս չի եղել լիարժեք։ Լիարժեք ասելով մենք հասկանում ենք հայր և մայր։ Ինձ մեծացրել է մայրիկս և մայրիկիս ընտանիքը ՝ տատիկս, մորաքույրս, քեռիս և պապիկս։ Չեմ կարող ասել, որ այն ժամանակվանից հասկացել եմ հայրիկի դերը և զգացել եմ պակասը, որովհետև երբ աչքերդ բացելուց տեսնում միայն մեկին, դու դա ես ընդունում որպես գլոբալ ճշմարտություն։
Ես դեռ ծնված չեմ եղել ,երբ ծնողներս բաժանվել են։ Երբ հայրիկիս չէի ճանաչում և լսում էի միայն մայրիկիս, մտածում էի,որ ուղղակի մայրս չհարմարվեց և չսիրեց։ Երբ մեծացա գտա հայրիկիս, լսեցի իր տարբերակը, մի բան հասկացա` հարաբերության մեջ չկա ընդհանուր ճշմարտություն։ Մայրս իր տեսանկյունից է ճիշտ և զոհ, հայրս իր տեսանկյունից։ Ընդունեցի մի փաստ ,որ ինձ պետք չի այդ ճշմարտություններից ոչ մեկ։ Ես ուղղակի ուզում եմ, որ իրենք լինեն առողջ՝ իմ կյանքում»։
Ինչպես եղավ, որ Լիա Զախարյանը որոշեց գտնել իր հայրիկին։
«Ես առաջին հերթին շնորհակալ եմ իմ մայրիկին, որ ինձ չարացրած չի մեծացրել։ Դեպի իմ հայրը չարությամբ չեմ լցվել, չեմ ատել և չեմ մեղադրել։ Մի օր հասկացա, որ մենք ապրում ենք մի երկրում, և շատ հնարավոր է մոտ ենք իրար ապրում և նույն խանութից գնում ենք հաց, բայց իրար չենք բարևում։Ես չգիտեմ ով է ինքը, և դա ինձ մի պահ ցավացրեց։ Մի օր տները, մեր լեզվով ասած, ուբոռկա անելիս գտնում եմ մի թուղթ ՝դատարանի բաժանության թուղթը,որտեղ գրված էր հայրիկիս բնակության հասցեն։ Ես ապրում եմ Զեյթուն համայնքում, իսկ ինքն Ավանում, որքան մոտ ենք եղել մենք այդքան տարիներ։ Որոշում եմ իրեն ճանաչել»։
Տատիկի դերը Լիայի կյանքում.
«Ես Գորիսում եմ ծնվել մեծացել,տատիկս այն ժամանակ ապրում էր Սիսիանի Արևուս գյուղում,կռվում էի, որ ինձ տանեն տատիկիս մոտ։ Ես հիշում եմ, որ տանից փախել էի, որ տատիկիս տունը գտնեի։ Այսինքն ի սկզբանե ուզում եմ ասել սերը և կապը կար։ Մայրիկս, երբ տեղափոխվեց Երևան, որ ընդունվի աշխատանքի` ավելի բարձր աշխատավարձով, որ կարողանար ինձ ուսման տալ։ Ես ապրում էի տատիկիս հետ մինչև դպրոցս ավարտելը և այդ ընդացքում ավելի շատ կապնվեցի իր հետ։ Հետո ես տեղափոխվեցի Երևան ընդունվեցի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, մայրս որոշեց, որ պետք է գնա Ռուսաստան, որպեսզի կարողանա հոգալ իմ ուսման ծախսերը։ Այդ ժամանակ ես էլի տատիկիս հետ էի ապրում։ Նա ինձ համար մայր էր, ես չէի տարբերակում։ Նա բառիս բուն իմաստով ընկեր էր։ Ցանկացած բան, որը երբեք չէի կիսվի, քննարկի ընկերուհիներիս, մամայիս հետ, իրա հետ շատ ազատ և անկաշկանդ խոսում էի։ Ես մինչև հիմա տատիկիս մամա եմ երբեմն ասում, ու վերջերս հասկացա, որ մայրս խանդ ունի։ Մամայի թողած բացն այնքան ինձ շեղեց դեպի իմ տատիկը, որ իմ մաման սկսեց խանդել։ Վերջին անգամ մայրիկիս տեսել եմ տատիկիս թաղման օրը: Երեք տարի է` ես մենակ եմ ապրում, երեք տարի ես թոռնիկ չեմ»: