Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ու խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Միացյալ նահանգներ տեղափոխվելու մասին խոսելիս էլ դերասանն ընդգծել էր․
«Այդ ժամանակ մի քիչ բարդ իրավիճակ էր։ Ես դուրս եկա Հայաստանից շատ վիրավորված ու չհասկանալով քաղաքականությունը, որովհետև բավականին ակտիվ էի այդ պատերազմի շրջանում։ Ես երկու երեխա ունեի, որոնց պետք էր կրթություն տալ, թատրոնն ու կինոստուդիան քանդվեցին, այսինքն՝ ես արդեն անելիք չունեի որպես ստեղծագործող, որպես մարդ, որը պետք է աշխատի և ուղղակի առիթ եղավ Միացյալ նահանգներ գալու, ասացի՝ օգտագործեմ այդ առիթը, որ հետո չմտածեմ, որ մարդ իր չարածի համար է ափսոսում , ոչ թե՝ արածի։ Երկիրը պատերազմում էր այդ ժամանակ և մեր ղեկավարության քաղաքականությունն ու վերաբերմունքը այդ պատերազմին ու այդ պատերազմիմեջ եղած մարդկանց նկատմամբ չէի կարողանում հասկանալ ու ընդունել, որովհետև բավական շատ նվիրյալների ուղղակի ոտատակ էին տալիս, անտեսում էին ու խանգարում էին այդ գործունեությանը։ Հիմա նայում ես՝ նույն բաներն են կատարվում։ Ես չեմ ուզում մտնեմ քաղաքականության մեջ, բայց հիասթափություն կա, որովհետև շատ բաներ, որ պետք է իրագործվեին չարվեցին, շատ խոստումներ ու բաներ, որոնք պետք է հետևանք լինեին այդ հեղափոխության, մնացին օդի մեջ, մնացին անկատար, դա է, որ հիասթափություն է պատճառում։ Պետության համար կորցրած այդ 30 տարին, ես համարում եմ, որ կողոպտվեց մեր պետությունը, պետականությունը 30 տարիների ընթացքում ամրապնդվելու փոխարեն, այն, ինչ-որ պետք է արվեր թավշյա հեղափոխությունից հետո, չարվեց»։
ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ալեքսանդր Խաչատրյանը զբաղվել է ոսկերչությամբ ու խոսելով այդ շրջանի իր էմոցիաների մասին ասել էր․
«Երբ որ ես գալիս էի արդեն գիտեի, որ իմ մասնագիտությամբ չեմ աշխատելու։ Բայց մտածում էի, որ եթե Հայաստանում չեմ աշխատելու իմ մասնագիտությամբ, դրսում չեմ աշխատի, գոնե երեխաներին ուսման կտամ, կրթություն կստանան։ Երբ եկանք, աշխատանքի ընդունվեցի ոսկերչական բիզնեսում, որովհետև ուրիշ ոչինչ անել չգիտեի, և լեզու էլ չգիտեի։ Առավոտ մթով գնում էինք և երեկոյան ուշ մութն ընկած գալիս էինք։ Երեխաները գնում էին դպրոց և կարևորը դա էր այդ ժամանակ։ Կապը երբեք չեմ կտրել Հայաստանի հետ։ Վերջին 15 տարին, եթե ամբողջը իրար հետ հավաքեմ, թե ինչքան եմ Ամերիկայում ապրել, երևի 2 տարի չի հավաքվի։ Ամբողջ ժամանակ նկարահանվում էի Հայաստանում։ Հետո առաջին այցից հետո որոշեցի, որպետք է պատճառ ունենամ, որ Հայաստան գնամ, հող առա, այգի դրեցի և շատ ուրախ եմ, ոորովհետև այդ այգին վերջում ինձ օգնեց բավականին ֆիլմը նկարելու։ Ես պարտքեր ունեի ֆիլմի վրա, այգին վաճառեցի, պարտքերս փակեցի։ Բայց, մեկ է , էլի հող եմ առել Հայաստանում և ուզում եմ տուն սարքել։ Շատ ծանր էր, որովհետև այդ այգին զրոյից ես էի դրել ՝ սկսած հողը մաքրելուց, մշակելուց, 20 տարվա այգի էր։ Չէի կարող չվաճառել, որովհետև այդ ֆիլմը ինձ համար շատ կարևոր էր»։