Գիտի՝ լացով առաջ չի կարող տանել իր ասածը.Քրիստինե Պեպելյանը` որդու,ԱՄՆ տեղափոխվելու,հարմարվելու մասին

  • Nov 22, 2024

HerMine Dialog հաղորդման հյուրն այս անգամ Քրիստինե Պեպելյանն էր և նրա որդին՝ Արեգը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Քրիստինե Պեպելյանը խոսեց Ամերիկա տեղափոխվելու  և հարմարվելու մասին.

«Ես չեմ մտածել հարմարվել-չհարմարվելու մասին։ Հավանաբար այդ խնդիրը չեմ էլ դրել իմ առաջ, դրա համար երբևէ չեմ խորացել։ Ամերիկան ինձ համար նորություն չէր։ Ես աշխատանքի բերումով, կյանքի բերումով շատ եմ գնացել-եկել։ Ես չգիտեի ,որ պետք է մնամ։ Շատ անսպասելի և արագ ստացվեց դա»։

Հաջորդ թեման մայր և որդի հարաբերությունների կառուցման դժվարություններն ու հաջողություններն էին։

«Առանց մամայիս շատ դժվար կլիներ։ Դա անտանելի դժվար բան է։ Ես այնքան լավ եմ հասկանում բոլոր ծնողներին, ովքեր օգնող չունեն։ Նախօրոք Արեգի դաստիրակության հարցում որևէ բան չեմ որոշել։ Ես դեռ շատ փոքր ժամանակվանից իրեն ասում էի`Արեգ ջան, պիտի պայմանավորվենք տղաս,  անում ես դու`անում եմ ես։ Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ, չես անում դու` չեմ անի ես։ Նա չի հասկացել, որ կարող է կամակոր լինել, չգիտի ձևը դրա։ Նա գիտի, որ լացով առաջ չի կարող տանել իր ասածը։ Ես իր հետ կապված ամեն բան վայելում եմ, որովհետև աշխատանքի բերումով  շատ ժամանակ չեմ ունենում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու, որովհետև պետք է ինչ-որ կերպ այդ խստությունը կոմպենսացնել: Իր մանկական ցանկություններին տեղ եմ տալիս, որ իրեն ազատ ու ուրախ զգա, բայց ամեն ինչ չափի մեջ է: Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի»:

Խոսելով առօրյա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից` Քրիստինե Պեպելյանն ասաց.

«Ես չգիտեմ հետո ինչ կանեմ։մԵս ոչինչ անել չեմ կարողանում` բացի երգելուց ու դասավանդելուց։ Անում եմ մի բան, որը սիրում եմ, որը ինձ դուրեկան է։ Ես բիզնես ուղեղ չունեմ, և չեմ կարողանում բիզնես մտածել։ Ես չեմ ուզում ավելին` ռիսկերի և գործերի տարատեսակ գործերի հաշվին։ Գնահատում եմ այն աշխատանքն ու այն տարիները,որ ես չարչարվել եմ անունիս համար»։

Խոսք եղավ նաև հայ արտիստներից։ Պեպելյանի կարծիքը այսպիսինն է.

«Մեկ -մեկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ հայրեր-որդիներ իրականության մեջ ենք։Այս կռիվը, որ սկսվում է, հասկանում եմ, որ մեծացել եմ։ Կան կատարողներ, որ ինձ շատ դուր են գալիս, կրեատիվ երեխաներ կան։ Կան որոշները, որոնց կրկներգը նույնիսկ ի վիճակի չեմ լինելու լսել, անհնար է ուղակի։ Նոր սերնդին եմ դիմում` մենք թոշակի չենք գնալու»։

Ցավով խոսեց նաև ներկայիս իրականության, «ոչ դահլիճային» համերգներից և բլոգերներից.

«Մարդիկ հիմա այնքան կարիք ունեն դահլիճների։ Մենք բոլորս տեղափոխվել ենք բանկետ հոլեր, ռեստորաններ, անպայման պիտի ուտենք երաժշտության ժամանակ ,ոնց՞ կլինի առանց ուտել նստենք։ Մենք լրիվ  ուրիշ տեղ ենք հիմա և ինձ համար անհասկանալի է`ո՞նց կարելի է ինչ-որ մեկին սիրել, ասել այո կարելի է գնալ այս մարդու համերգին ու տոմսերը պատվիրելուց ասել` ի՞նչ ենք ուտելու։Ինչի՞  համար է պարտադիր,որ ինչ-որ բան պիտի ուտենք»:

Մեկնաբանություն

Որոնում