Ձեր գովազդն այստեղ

17.000 դոլար գումարը 3 տարի անց ID բանկը չի վերադարձնում հաճախորդին. մանրամասներ

  • Jan 24, 2025

Նարինե Ֆիդանյանը դեռևս 2022 թվականի մարտի 3-ին ID Bank-ի միջոցով 17,000  դոլար փոխանցում է կատարել Անգլիայում գտնվող դստերը, սակայն մինչ օրս ո՛չ գումարն է հասել դստերը, ո՛չ էլ բանկը գումարը վերադարձնում է հաճախորդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմել է Նարինե Ֆիդանյանի ամուսինը՝ Գևորգ Համբարձումյանը:

Համբարձումյանը պատմել է, որ իրենք խանութ են վաճառել, որ գումարը փոխանցեն Անգլիայում բնակվող դստերը՝ տուն ձեռք բերելու համար, սակայն արդեն շուրջ երեք տարի է՝ կանգնել են փաստի առաջ:

Այսպես, հաճախորդը 2022 թվականի ապրիլի 18-ին Բանկին ներկայացրել է դիմում, որով հայտնել է՝ իր կատարած 17,000 ԱՄՆ դոլարի գումարը չի մուտքագրվել ստացողի հաշվին, սակայն ելքագրվել է բանկից և խնդրել է պարզել գումարի գտնվելու վայրը:

«Հետո մենք ուզում էինք գումարը վերցնել, բանկից զանգեցին, ասացին՝ գումարը հետ մի՛ քաշեք, բանկը խոստացել է, որ այդ գումարը նստացնելու է, տալու է ինձ: Հետո  գնացինք բանկ, ասացին՝ չէ, նորմալ է, երկու օրից փողը կտանք։ Երկու օրը դարձավ 15 օր, 15 օրը՝ 25 օր, գնացինք նորից բանկ: Բանկը մեզ ասաց, որ գումարը հետ վերցնենք: Հետո այդ հետ վերցնելը չստացվեց, հետո բանկից ասացին՝ իբր նստել է  ստացողի հաշվին, որ իրենք գնան, ստանան»,- ասել է Համբարձումյանը:

Այնուհետև, Համբարձումյանի խոսքով, Անգլիայում գնացել են, որ ստանան գումարը, հաշվին չի եղել: «Մենք նամակ գրեցինք բանկին, բանկը մեզ չկարողացավ ոչ մի բանով օգտակար լինել, պարզաբանել, ապա ներողամտություն հայցեցին, ասացին՝ կարող է նման բաներ լինեն»,- պատմել է նա:

Նրա խոսքով՝ իրենց ասել են՝ իրենք գումարն ուղարկել են, ինքն էլ ծախս է արել կնոջն ու մյուս դստերն ուղարկել Անգլիա, որ այնտեղ պարզեն, եթե ուղարկվել է, ինչո՞ւ չի հասնում գումարը:

Անգլիայում արդեն տեղի ֆինանսական օմբուդսմենի միջոցով պարզ է դարձել, որ փոխանցված գումարը չի հասել ստացողին, քանի որ Ռուսաստանի հանդեպ սանկցիաների պատճառով գումարը սառեցված կարգավիճակով գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք Մելլոն Բանկում, հետևաբար Անգլիայի Բանկի մեղավորությունը գումարի չստացման հարցում առկա չէ:

Այնուհետև բանկը, ըստ Համբարձումյանի, իրենց հերթական դիմումներից մեկին ի պատասխան նշել է, որ կատարած փոխանցումը չի հասել շահառուի բանկ, քանի որ թղթակից բանկում գործում են սահմանափակումներ SWIFT փոխանցումների համար և նորից հավաստիացումներ են տվել, որ բանկը հոգ է տանում դրամական միջոցների անվտանգության մասին և հետևողականորեն պայքարում է դրանք վերադարձնելու համար:

Ապա հենց բանկից խորհուրդ են տվել, եթե չի բավարարում իրենց պատասխանը, հաճախորղը կարող է դիմել ֆինանսական հաշտարարին:

«Փաստացի, եթե ես ծախս չանեի, ու կինս ու աղջիկս չգնային Անգլիա, չխոսեին այնտեղ ֆինանսական օմբուդսմենի հետ, այդպես էլ չէինք իմանա. գումարի՝ թե՛ ստացողի հաշվեհամարին չնստելը, թե՛ մեզ չվերադարձնելը՝ պայմանավորված է ռուսական կողմի նկատմամբ կիրառված սանկցիաներով»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ փաստորեն մինչև Անգլիայի ֆինանսական օմբուդսմենի կողմից պատասխանի ստացումը, չեն ենթադրել, որ գումարի չստացումը բանկի մեղքով է:

«Ես մշտապես որքան դիմել եմ բանկ, ասել են՝ գումարը փոխանցման փուլում է, ամեն բան վերահսկողության տակ է, գաղափար չեմ ունեցել, որ իմ գումարը սառեցված է թղթակից բանկի կողմից՝ սանկցիաների պատճառով: Փաստացի բանկը տեղյակ է եղել միջնորդ բանկի սանկցիայի տակ լինելու մասին և որևէ քայլ չի ձեռնարկել հետագա բացասական հետևանքները կանխելու ուղղությամբ: Ավելին, չեմ իմացել, ոչ էլ տեղեկացրել են, որ ես կարող էի ընտրել միջնորդ բանկ, բայց իրենք են ընտրել իմ փոխարեն, սեփական հայեցողությամբ»,- պատմել է  նա:

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություն

Որոնում