Գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղայի մարմինը

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա, ըստ նրանց հայտնածի, ջրահեղձ է եղել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղայի մարմինը և դուրս բերել ափ։