«Ես չեմ ուզում հիվանդանոցում մահանալ…»․ Մանե Գրիգորյանը պատմել է Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին օրերի մասին

Օրերս Ասատուր Ասլանյանի հյուրը հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն էր։ Անկեղծ զրույցի ընթացքում նա խոսել է նաև իր հոր՝ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին օրերի մասին։ Զրույցին հետևել է նաև StarNews-ը։
Հարցին, թե ինչ թեմաներով էին զրուցում հայրն ու դուստրը վերջին շրջանում, Մանե Գրիգորյանը պատմել է, որ այդ օրերին հոր առողջական վիճակն արդեն բավական ծանր էր։
«Իրականում ձայնը վերջին ամիսներին չկար, ու շշուկով էր խոսում։ Շատերը չէին հասկանում, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում, որովհետև շատ լավ էինք իրար ճանաչում։ Շատ քիչ էր լինում, որ բուժումից ու այդ ամենից դուրս թեմաներով խոսեր, որովհետև հիմնականում բոլորս կենտրոնացած էինք՝ ինչ անել, ոնց անել։ Բնականաբար ես ինչ-որ բաներ էի պատմում, որպեսզի իրեն մի փոքր ցրեմ, բայց…»։
Մանեն նաև հիշել է հոր ամենացավոտ խոստովանություններից մեկը.
«Նա ասում էր՝ ես չեմ ուզում հիվանդանոցում մահանալ, չեմ ուզում բեռ դառնալ իմ երեխաների վրա, չեմ ուզում, որ ինձ տեսնեն թուլացած ու հիվանդ…»։
Հաղորդավարուհին ընդգծել է, որ հայրը երբեք բեռ չի եղել ընտանիքի համար և մինչև վերջին պահը փորձել է իր երեխաներին հեռու պահել դժվարություններից։
Զրույցի ընթացքում Մանե Գրիգորյանը խոստովանել է, որ մինչ օրս դժվարությամբ է անդրադառնում այդ ժամանակահատվածին և չի ցանկանում մանրամասնել այդ օրերը՝ նշելով, որ «բլոկել» է կյանքի այդ ամենացավոտ հատվածը։

















