Ամանորը սիրում են երեխաները, որովհետև ծնողներ ունեն… Առանց արցունքների չեք կարող կարդալ Նազենի Հովհաննիսյանը գրառումը՝ հանգուցյալ ծնողների մասին (տեսանյութ)

  • Jan 04, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ներկայումս Եգիպտոսում է:

Նա խոստովանել է, որ վերջին պահին հասկացել է, որ ցանկանում է փախչել սուպերմարկետյան իրարանցումից:

Նա Ամանորի վերաբերյալ հուզիչ գրառում է արել: Նազենին հիշել է իր ծնողներին, ովքեր մահացել են:

«Ինձ համար Ամանորը մանկության հոտ ուներ. թերթերի մեջ փաթաթած մանդարինի, մամայիս պատրաստած պասուցի, թփով տոլմայի ու «զակատ» արած բանկայով՝ բացած շոկոլադի… Մեկումեջ ջարդվող սովետից մնացած խաղալիքների ու իրարից թաքուն՝ միմյանց բարձերի տակ դրվող նվերների…
2011-ը ճեղքեց մեր տան «Ամանորը» մինչև… ու դրանից հետո:
Էդ տարի առաջին անգամ Նոր տարվա տոլման պատրաստեց Հայրս: Աշխարհի ամենահամով տոլման էր, մասունքի պես էինք ուտում… իր սիրո և երկու ծնողի փոխարեն ջերմությունն էր փաթաթել թփի մեջ…Անմահական էր: Բայց Մայրիկինս չէր:
Էդ տարվա Զատկի փլավը ես եփեցի, ու երևի առաջին անգամ մի հատիկ անգամ չմնաց:Ամբողջը կերանք. կարոտից էր:
Ամանորը սիրում են երեխաները, որովհետև ծնողներ ունեն ու հավատում են հրաշքների, և Ծնողները, որովհետև հանուն երեխաների դեռ հավատում են…
Ես վերջնական կորցրի Ամանորս Հայրիկիս հետ…2019- ին…
Մինչև 12 զարկի ավարտը նա միշտ հասցնում էր բացել շամպայնը, կանչել բոլորին, բայց միայն ես էի հասնում,գրում անձեռոցիկի վրա ինչ-որ հիմար բան, վառում ու խմում Նրա լցրած շամպայնով երազանքս, որը երևի միշտ կատարվում էր:
Մայրիկիս պսպղան, երեխայի աչքերն ու ուշացած սեղանին մոտենալը, ու Հայրիկիս էլեգանտ պունկտուալությունն ու իր սիրած դստեր հետ առաջին չխկը … ( գոնե ես ինձ համոզել էի, որ ամենից շատ ինձ է սիրում))…
Ահա իմ Ամանորը:
Հիմա, երբ չկան ծնողներս, Ամանորը դարձել է լոկ բառ, կամ ժամացույցի սլաքի վրա 12 անգամ զարկող ժամը, կամ հեռվում կայծկլտող ինչ-որ հրավառություն…կամ փախուստի առիթ…
Հ.Գ. Ես հավատում եմ, որ ամեն նոր օրով ու մանավանդ տարով՝ նոր հնարավորություն է տրվում մարդուն, դառնալու ավելի լավն ու կարեկից, ավելի հասկանալու ինքն իրեն ու աշխարհը,գուցե ավելի հասունանալու..
բայց ես շատ կուզեի փոքրանալ, հայտնվել էն Ամանորյա գիշերը, երբ տան գործը երբեք չէին հասցնում, երբ ծնողներս՝ ամեն մեկն իր ռիթմով փորձում էր կարգավորել փոքրիկ գժանոց հիշեցնող կեսգիշերային տոնական տունն ու երեք դուստրերին, որոնցից յուրաքանչյուրին չէր հերիքում տան հայելին, լոգարանը, ու որոնք երբեք չէին հասցնում ժամանակին մոտենալ սեղանին՝ ուշանալով Նոր Տարուց:
Իսկ ես… Հայրիկիս հետ արդեն փորձում էի տոնական, անմահական տոլման՝ Էմմայիս համբերատար սիրով փաթաթած:

Հ.Գ.Թող մաքուր էջից ավելի երջանիկ պատմություններ գրվեն նոր տարում… նոր ծնված կյանքերով լցվենք»:

 

Մեկնաբանություն

Որոնում