Իմ նպատակն է պահպանել բնական գեղեցկությունը, Աստծուց կատարյալ նկարիչ չկա. Լիլիթ Դավթյան

  • Jan 22, 2022

Գաղտնիք չէ, որ Հայաստանում մեծ թափ է առել բժիշկ-կոսմետոլոգի մասնագիտությունը: Մեծ պահանջարկի շնորհիվ այսօր այս մասնագիտությունը դարձել է պահանջված, իսկ մասնագետների հոսքն այս ոլորտ չի դադարում: Ոլորտում մասնագետ դառնալ ցանկանում են բոլորը, իսկ լավ մասնագետ դառնալ ստացվում է քչերին:

Հայաստանի ամենապահանջված մասնագիտություններից մեկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, մասնագիտական հետաքրքիր մանրամասներ իմանալու համար Starnews.am-ը կապ է հաստատել այս մասնագիտության իրական աստղի՝ բժիշկ Լիլիթ Դավթյանի հետ:

Լիլիթ, շնորհակալ ենք հարցազրույցի առաջարկն ընդունելու համար: Հաջողվա՞ծ էր Ձեզ համար 2021 թվականը, ի՞նչը կառանձնացնեիք Ձեզ համար, որ նախորդ տարում ամենատպավորիչն էր:

Շատ հաջողված տարի եմ համարում: Ամենագլխավոր հաջողությունն անձնական է. հայրիկս առողջական շատ լուրջ խնդիրներ ուներ, ու սպասում էինք  վատթարագույնին, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ դրական հանգուցալուծում ունեցավ: Ես չեմ հանձնվել ու նրան նույնիսկ անհույս վիճակում տեղափոխել եմ արտերկիր՝ հիվանդանոց, ու ինչպես արդեն նշեցի, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ: Դա ամենագլխավոր հաջողությունն է 2021 թվականին: Երկրորդը կարող եմ նշել այն փաստը, որ ես ՌԴ-ում իմ աշխատանքի արդյունքում կարողացա անշարժ գույք ձեռք բերել այնտեղ: Կարելի է դա էլ համարել նախորդ տարվա հաջողությունը:

Մինչև հարցազրույցի բուն թեմային անցնելը, ևս մեկ հարց՝ ի՞նչ պլաններ ու սպասումներ ունեք  2022 թվականին: Արդյո՞ք այս տարի Ձեր առաջ դրել եք որևէ նպատակ, որը համարում եք տարվա ամենագլխավորն ու շարժվելու եք այդ նպատակին հասնելու համար:

2021 թվականին ես նպատակ ունեի միջազգային հայտնի մրցույթում հաղթել: Ու դա իրականացավ մեր 4 հոգանոց խմբով. 850 հոգու մեջ հաղթող ճանաչվեցինք ու մեկնում ենք Չինաստան: Այս տարվա ընթացքում ես շատ պլաններ ունեմ հայտնի կոնգրեսների ու միջոցառումների մասնակցելու հետ կապված ու արդեն նախնական պայմանավորվածություններ ունեմ: Այս տարի ես համարում եմ ճանաչողական տարի ու ճանապարհորդելու տարի: Այս տարվա գլխավոր պլաններից մեկը դա է: Իսկ աշխատանքային տեսանկյունից պլանավորում եմ, որ մեզ կգտնեն երկու մասնագետներ, ովքեր կհամալրեն մեր թիմը:

Անցում կատարենք Ձեր մասնագիտական դաշտին: Հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ մեր հայուհիները շատ գեղեցիկ են հենց բնական տեսքով, բայց նրանց արտաքինի հետ կապված փոփոխություններ կատարող մասնագիտությունը մեծ թափով զարգանում է մեզանում: Արդյո՞ք չկա հակասություն, արդյո՞ք ունեք բացատրություն, թե ինչու են հայուհիները գնալով ավելի ու ավելի շատ օգտվում բժիշկկոսմետոլոգների ծառայություններից:

Այս մասնագիտությունն ունի հաջողություն, որը նաև մի փոքր հաճույք է պատճառում մարդուն: Իմ մասնագիտությունը բժշկության մեջ միակ մասնագիտությունն է, որը կարողանում է հաճույք պատճառել: Իհարկե, հայուհիները գեղեցիկ են, բայց տարիների ընթացքում նրանք ցանկանում են որևէ փոփոխություն անել: Տարիների ընթացքում մարդն ազարտի մեջ է մտնում, մեր մասնագիտությունն այն մասնագիտությունն է, որտեղ մարդը գումար է վճարում ոչ միայն արդյունքի համար, այլ նաև՝ հաճույքի համար:
Ես կարող եմ ասել, որ ինձ մոտ մեկ անգամ այցելողն այդ ազարտը տեսնում է ու մեկ անգամ իմ ազարտից վարակվելով՝ նրանք այլևս որևէ տեղ չեն գնում, իսկ ես, մեծամտաբար չհնչի, կարողանում եմ մասնագիտական հաճույք պատճառել:


Վստահ ենք` տղամարդկանց համար բժիշկ-կոսմետոլոգն ասոցացվում է շատ դեպքերում մազահեռացման հետ, մաքսիմալ՝ դեմքի խնամքի ու շուրթ լցնելու հետ: Դուք՝ որպես այս մասնագիտության սենսեյ, կարող եք շատ կարճ ու տղամարդկանց համար հասկանալի բացատրել, թե ինչ գործողությունների համար կարող են դիմել աղջիկները Ձեզ ու ամբողջությամբ բացել այս մասնագիտության բոլոր ենթաճյուղերը:

Սիրող տղամարդուն ես չեմ կարող բացատրել մեր մասնագիտության պետքական լինելը, քանի որ սիրող տղամարդն իր կնոջը սիրում է այնպես, ինչպես նա կա: Սիրող տղամարդու համար իր կինն իդեալական է, իսկ եթե ես բացատրեմ, թե ինչ գործողություն պետք է կատարեմ իր կնոջ հետ կապված՝ դրանով միգուցե խանգարեմ տղամարդուն կնոջն իր ցանկացած աչքերով նայելուն: Այս հարցի պատասխանը նույնիսկ չեմ ուզում տալ, քանի որ կան բաներ, որ տղամարդը պետք է չիմանա կնոջ գործողությունների մասին: Ես ամուսնուն չեմ կարող բացատրել, համարենք, որ ինչքան իրենք գիտեն, բավարար է նրանց: Նորից կրկնում եմ՝ սիրող ամուսնու համար իր կինն ամենագեղեցիկն է, ու այդքանով բավարարվենք:

Գաղտնիք չէ, որ Ձեր ծառայություններից օգտվելու համար պետք է հերթագրվել: Հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ հերթերից խուսափելու համար Դուք օգտագործում եք մարքեթինգային կանոն՝ բարձրացնում եք գինը, որն իրենից ենթադրում է հերթերի նվազեցում: Մենք, մինչ Ձեզ հետ հարցազրույց անելը, փորձեցինք հերթագրվել Ձեզ մոտ, այնուամենայնիվ, մոտակա հնարավոր օրը մեկ ամսից ոչ շուտ էր: Կա՞ արդյոք այլ մեթոդ, որը Դուք պլանավորում եք օգտագործել այս հարցի լուծման համար: Եվ երկրորդ հարցը՝ նպատակահարմա՞ր եք համարում այսօր Հայաստանում ևս մեկ անգամ գին բարձրացնելու մեխանիզմը:

Կարող եմ էլի գին բարձրացնել, բայց ես դրա մասին չեմ մտածի մինչև այն պահը, քանի դեռ իմ հաճախորդները դա չեն ցանկանում: Իսկ եթե նրանք չեն ցանկանում, ուրեմն՝  դեռ ինձ մոտ հերթը տանելի է:

Հաջորդ հարցի համար մենք հույսներս դնում ենք Ձեր անկեղծության վրա: My Lips կլինիկա՞ն է հիմնել Լիլիթ Դավթյանը, թե՞ Լիլիթ Դավթյանին է ստեղծել My Lips կլինիկան:

Ես միշտ ցանկացել եմ այնքան աշխատանք ունենալ, որ անդադար աշխատեմ, բայց այն պահից, երբ աշխատանքն է սկսում ինձ աշխատացնել, ես սկսում եմ դրանից հոգնել: Կարծում եմ՝ սրանով հիմնովին պատասխանեցի Ձեր հարցին:

Խոսելով My Lips կլինիկայի մասին՝ չենք կարող չանդրադառնալ նաև Ձեր թիմին:  Դուք Ձեր թիմի մասին խոսելիս՝ խոսում եք այնպես, ինչպես վստահաբար կխոսեիք ընտանիքի անդամների մասին: Ինչքանո՞վ է թիմը Ձեզ օգնել, օգնում, ու արդյո՞ք կա My Lips առանց թիմի, և պետք է Ձեզ տանք հետևյալ հարցը՝ արդյո՞ք Ձեր թիմը կամ թիմի առանձին վերցրած անդամ գոյություն ունի՝ առանց My Lips-ի:

Իմ թիմի ամեն անդամ գոյություն ունի առանց  My Lips-ի, My Lips-ն էլ գոյություն ունի առանց թիմի: Բայց իրենք իմ հենակետերն են, ու մենք միասին ամբողջական ենք ու բազմագույն: Իմ նպատակն է իմ ամեն մասնագետին դարձնել կայացած մասնագետ:

Շնորհակալ ենք անկեղծ պատասխանների համար: Եվ վերջում մեկ հարց: Դուք սպասարկել եք շատ հայուհիների, և վստահ ենք՝ կատարել եք այս մասնագիտության բոլոր ենթաճյուղերի հետ կապված աշխատանքներ, ի՞նչ երբեք խորհուրդ չեք տա, որպեսզի անեն հայուհիները Ձեզ այցելելիս:

Ես խորհուրդ կտամ, որ նրանք չտարվեն, ինձ մոտ այցելությունը չվերածվի մոլուցքի ու իրենք իրենց սիրեն, ու ամենակարևորը՝ նրանք պետք է իմանան, որ Աստծուց կատարյալ նկարիչ չկա:

Լիլիթ Դավթյանին կարող եք հետևել՝ անցնելով այս հղումներով՝

www.instagram.com/dr.mylips_lilit.davtyan/

https://www.facebook.com/Dr.Mylips

https://mylips-academy.com/

Մեկնաբանություն

Որոնում