Չկարողացավ հանդուրժել, անկարող եղավ դիմադրել հայրենիքի մասնատմանը… Դիանա Գրիգորյանի հուզիչ գրառումը

  • Feb 04, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ 63 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը լուսանկար է հրապարակել Արթուր Գրիգորյանի հետ և գրել է.

«Գնաց ավագ ընկերը, հարազատ հոգին, շատերիս հոգեւոր հայրը եւ անկախության շրջանում հայ երգի ու երաժշտության Հայրը…
Գնաց’ միանալու Վերին մեղեդիներին…
Պայքարեց անաղարտ արվեստի համար, պայքարեց արվեստի անվան տակ ներկայացվող աղբի դեմ, պայքարեց ուրիշների ու վերջին ժամանակներում արդեն սեփական կյանքի համար։
Կանգնած էր բոլորիս կողքին, բոլորիս համար թեւ ու թիկունք էր, բոլորիս ուրախ ու տխուր պահերի սրտացավ վկան էր։

Այս բացակայությունը լցնել հնարավոր չէ. կան անփոխարինելի մարդիկ եւ անփոխարինելի ստեղծագործողներ…
Գնաց, բայց երաժշտարվեստում թողած մեծ ավանդը մնայուն է, նրա գործերն անվերջ կյանքի ու կռվի պայքար են, ոճի ու ճաշակի թելադրանք։
Չկարողացավ հանդուրժել, անկարող եղավ դիմադրել հայրենիքի մասնատմանն ու բաց աչքով ընդունել այսքան երիտասարդի կիսատ մնացած ճակատագիրը…

Գնաս խաղաղությամբ, Վարպետ, ներդաշնակվիր Երկնքի լույսի հետ…
Այլեւս մասունք են մեր բոլոր մեծ ու փոքր զրույցները…»:

Մեկնաբանություն

Որոնում