Օրերս երգչուհի Լիլիթ Կարապետյանը Areg TV-ի Տեսլական հաղորդման հյուրն էր:
Նա հաղորդման շրջանակներում խոսել է եղբոր ողբերգական վթարի մասին:
Երգչուհու խոսքով՝ ամեն ինչ կտար, այդ թվում՝ սեփական կյանքը, միայն թե եղբորը փրկել լիներ:
Ըստ նրա՝ հաճախ է իրեն մեղադրել այդ ողբերգության համար:
Երգչուհուն նաև հարց է հնչել՝ արդյո՞ք այդ վթարը միտումնավոր է կազմակերպված եղել:
Լիլիթն անկեղծացել է՝ նշելով, որ կարող էր փորձել ամեն բան պարզել, սակայն դա իրեն կխանգարեր ապրել, իսկ ինքն որդի ունի, ում պետք է մեծացնի:
Երգչուհին նաև անկեղծացել է, որ տվյալ ողբերգությունից հետո ինքը համարում էր, որ իրենց ընտանիքն այլևս գոյություն չունի:
Հաղորդման շրջանակներում Լիլիթը նաև պատմել է իր հորը կորցնելու մասին:
Լիլիթի խոսքով՝ ինքը ընդամենը 9 տարեկան էր, երբ հայրը մահացել էր:
Նա անկեղծացել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում երազել է հայր ունենալու մասին.
«Հայր կորցնելն ինձ վրա շատ է ազդել: Միշտ սիրել եմ, երբ մեծ ընտանիք են ունենում՝ տատիկ, պապիկ: 9 տարի միշտ հենց հայրս էր ինձ տանում անկողին: Ունեցել եմ և ունեմ հրաշալի մայր, ինչպես նաև իդեալական եղբայր ունեի: Մայրս հերոս է, ամեն ինչ անում էր, որ չզգայինք հորս պակասը: Մեկ-մեկ, որ լսում եմ, որ բողոքում են իրենց հայրերից, ասում եմ՝ թող լիներ անգամ ծեծող, ամենավատը, մեզ հետ չապրեր, բայց լիներ կողքիս: Զանգեի ու ասեի՝ պապ ջան, կուզեի նրան օգտակար լինեի, թող ինքը բան չաներ ինձ համար »: