Քչերը գիտեն, որ տարիներ առաջ ինքնաթիռը, որում Ռաֆայել Քոթանջյանն էր, վայր էր ընկել. դերասանը վստահեցնում էր, որ շատ է հանդիպել մահվանը (տեսանյութ)

  • Jun 13, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: Նշեք, որ մեծ դերասանը բազմիցս է խոսել այն մասին, որ իր կյանքում մահվանը հանդիպելու առիթներ ունեցել, ավելին՝ մեկ անգամ ինքնաթիռը վնասվել էր: Այդ դեպքի մասին Ռաֆայել Քոթանջյանը նշում էր հետևյալը. «Երբ մեր ինքնաթիռն ընկավ Հալեպում, իմ վերևը բացվեց, ես դուրս եկա թևի վրա ու միանգամից 3-4 երեխաների դուրս հանեցի։ Հետո ընկերս թռավ ներքև՝ մի 3-4 մետրից, ես երեխաներին բաց էի թողնում, ինքը ներքևից բռնում էր: Հետո երբ հերթական անգամ շրջվեցի երեխաների կողմ, ի՞նչ տեսնեմ՝ մեկն իր ճամպրուկի պատճառով մուտքը խցանել է, ու անցելու տեղ չկա։ Ես քիչ եմ հայհոյում, բայց այդ ժամանակ հայհոյանքների տարափ եկավ. երեխեքը ինքնաթիռում, սա իր ճամպրուկն է փրկում: Քաշեցի, մի կերպ պոկեցի, 2-3 երեխա դուրս եկավ, բայց այդ ժամանակ կապիչները պոկվեցին, ու ես պտտվելով ընկա մի սուր քարի վրա ու կրունկս փշրվեց: Հետո ասացին, որ կրունկս 40 կտորի է բաժանվել, և ինձ անմիջապես տարան հիվանդանոց, թե՝ «21 օր պիտի պառկես՝ ոտքդ վերև» (Tert.am):

Դերասանի խոսքով՝ վստահ էր, որ ողջ է մնալու.  «Մենակ մտածում էի՝ «Կխաղա՞մ էլի, թե՞ ոչ»: Վստահ էի, որ ողջ եմ մնալու։ Անգամ երբ այդ արաբ բժիշկը սարսափեց, թե ոնց եմ պատրաստվում հաջորդ օրն իսկ այդ իմ փշրված ոտքով խաղալ, ես ասացի՝ «Դուք հանգիստ եղեք, մանավանդ որ ես այլ տարբերակ չունեմ»։ Ասում էր՝ «Էդպիսի բան չի կարող լինել, դու ամբողջ կյանքում կկաղաս», բայց ես խաղացի իմ «Սերն ու ծիծաղը» հենակով, և հանդիսատեսը միայն հաջորդ օրը գլխի ընկավ, թե ինչն ինչոց է»։

Հավելենք, որ  Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է Թբիլիսիում: 1946թ. տեղափոխվել է Երևան: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66թթ. աշխատել է Զանգեզուրի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93թթ. աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե.Շվարցի «Թագավորը մերկ է», Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն:

Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղևորություն» (1994թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998թ.), «Սերը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) և այլն:

1994թ-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008թ-ից՝ Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009թ.` Գյումրիի Պատվո և նվիրվածության շքանշանի, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում