Ռաֆայել Քոթանջյանի մահվան, Իննա Խոջամիրյանի և Գոշի սիրավեպի, Իննայի՝ Գոշի մայրիկին համբուրելու, Սևակ Ամրոյանի կնոջ հղիության լուրերի, Սիրուշոյի՝ ծննդաբերելու մանրամասների մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

  • Jun 18, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը: Շաբաթը սկսեց կորստով: Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ մահացել է  ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: Հավելենք, որ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է Թբիլիսիում: 1946թ. տեղափոխվել է Երևան: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66թթ. աշխատել է Զանգեզուրի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93թթ. աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե.Շվարցի «Թագավորը մերկ է», Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն:

Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղևորություն» (1994թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998թ.), «Սերը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) և այլն:

1994թ-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008թ-ից՝ Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009թ.` Գյումրիի Պատվո և նվիրվածության շքանշանի, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Այս շաբաթ աչքի էր ընկել երգիչ Սևակ Ամրոյանի կինը՝ Քրիստինան: Նա  բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ անցկացնում: Ինչպես եւ սպասելի է, հարցերի մեծ մասը Սեւակի մասին են լինում: Այս անգամ հետեւորդները  հետաքրքրվում էին, թե ինչպիսի տպավորություն էր թողել Սեւակն իր վրա, երբ հանդիպել էին առաջին անգամ: Քրիստինան հետեւյալ պատասխանն է տվել. «Էս հարցը բարձր կարդացի: Սեւակն ասում ա պատասխանի, ես էլ կկարդամ, չգիտեմ:

Առաջին անգամ չունեի տպավորություն, քանի որ ինքն իրան ահավոր գաղտնի էր պահում: Խոսում էր, բայց մի տեսակ загадочный ու էդ իրան ավելի հետաքրքիր էր դարձնում»: Քրիստինան նաեւ խոսել էր այն մասին, որ առաջին անգամ հանդիպել է Սեւակին 13 տարի առաջ: «Ինչքան էլ՝ տարօրինակ է, մենք ծանոթացել ենք մեր տանը՝ գիշերվա 03:00-ին»: Ըստ Քրիստինայի՝ սկսել են շփվել ոչ այդ շրջանում, այլ բավական ուշ:

Քրիստինան նաեւ չի խուսափել եւ խոսել է հղիության մասին: Հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որոնց համաձայն՝  ինքը հղի է, Քրիստինան պատասխանել է հետեւյալ ձեւով. «Վայ էդ կայքերը»:

Հավելենք, որ Քրիստինան գրեթե միշտ ուղեկցում է ամուսնուն՝ նրա հետ մեկնելով հյուրախաղերի: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան:Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն: Այն հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Սևակ Ամրոյանի կինը, երգիչը պատասխանել է.«Մարդ պետք է ունենա բնավորություն, ազնվություն, հետաքրքրություն, ներսի փայլ: Ամենաշատը էներգիան պետք է քեզ հոգեհարազատ լինի»:Երգիչը խոստովանել էր, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:Նա նշել էր նաև, որ հենց երգն է միացրել իրենց.

«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»:Սևակի խոսքով՝ ինքը ռոմանտիկ չէ, սակայն սիրում է ժամանակ առ ժամանակ անակնկալներ մատուցել սիրելիին: «Կարող է լինել շրջան, որ սիրելիս բողոքի, որ ինչ-որ բան չեմ անում, օրինակ ասի՝ ինձ վաղուց ծաղիկ չես նվիրել, բայց լինի շրջան, որ փորձեմ ին-որ անակնկալ անել: Ամեն դեպքում սիրում եմ անակնկալներ»:

Ի դեպ, Քրիստինան սեփական գեղեցկության սրահն ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ նրա ծնողները բավական մեծ կարողություն ունեն:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Իննա Խոջամիրյանը եւ Գոշ Հակոբյանը սիրավեպ ունեն: Ավելին՝ վերջերս նրանք մասնակցում էին պրոդյուսեր Հարություն Մովսիսյանի հարսանիքին, որի ժամանակ համացանցում հայտնվել էր նրանց մտերմիկ լուսանկարը: Նկատելի էր նաեւ, որ նրանք նույն գույներն էին նախընտրել հագուստի մեջ:

Ի դեպ,  Starnews-ի աչքից չի վրիպել, որ Իննան մասնակցել է Գոշի մայրիկի ծննդյան  խնջույքին: Դատելով Իննայի հրապարակումից՝ բավական մտերիմ է Գոշի մայրիկի հետ: Նրանք ջերմորեն գրկախառնվում էին, իսկ ինստագրամյան սթորիին կից դերասանուհին գրել էր հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի»:

Նշենք, որ Գոշի  այլ գործընկերներ ներկա չէին միջոցառմանը: Ի դեպ, Իննան այս տարի դառնալու է 27 տարեկան, իսկ Գոշը նրանից 2 տարի փոքր է: Հավելենք նաեւ, որ Իննան Զիրոյանից բաժանվելուց հետո նախընտրում է փակ պահել իր անձնական կյանքը: Ըստ Իննայի՝ անձնականը չհանրայնացնելը սովորել է նախկին սիրելիից՝ Հայկ Պետրոսյանից: Նրանք նշանադրված էին: Դերասանուհին վստահեցնում է, որ շատ շնորհակալ է այդ հարաբերությունների համար:

 

Գոշն էլ հանդիպում էր բլոգեր Մաշի հետ: Հավելենք, որ  Մաշը վերջերս  Look & Face   հաղորդման հյուրն էր: Հաղորդման շրջանակներում նրան հարց է հնչել իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ:Մաշը պատասխանել է, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել: «Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել է բլոգերը:Մաշը նշել է նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու: Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է:

«Քրոջս հետ խոսում էինք այն մասին, որ ոնց որ մեզ վրա մեղր քսած լինեն, սակայն սխալ մեղուներ են գալիս»: Նա նաև վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:Մաշի խոսքով՝ անձնականի մասին կխոսի, երբ հասկանա, որ հանդիպել է արժանի մարդու, ում հետ որոշել է ամուսնանալ: Հավելենք, որ  Մաշը և  Գոշը երբեք չէին հաստատում սիրավեպի խոսակցությունները:

Նրանք հաճախ կարելի էր միասին տեսնել  տարբեր ժամանցի վայրերում: Մաշը և Գոշը նաև համատեղ նախագծերով էին հանդես գալիս, չնայած դրան՝ անձնական լուսանկարներ չէին հրապարակում: Մաշը և Գոշը  հաճախ նաև իրենց հանգիստն էին միասին վայելում, այդ թվում՝ նաև արտերկրում: Այն, որ նրանք միասին էին նույն վայրում, պարզ էր դառնում նրանց լուսանկարներից:

Հղի Սիրուշոն էլ այս շաբաթ նոր լուսանկարներ է հրապարակել: Նա առաջին անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ում է: Մինչ այդ նա պարզապես նշել էր, որ մեկնում է երկրից, սակայն չէր նշել, թե որտեղ է գնում: Սիրուշոյի հետ մեկնել են որդիները և մայրը, ավելի ուշ միացել է նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ օրերս Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.  «Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:))
Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։

Հիշեցնենք, որ այս անգամ Սիրուշոն ակտիվ է իր հղիության ընթացքում: Նա պարբերաբար մանրամասներ էր ներկայացնում իր կյանքի տվյալ ժամանակահատվածից:Նա ներկայացրել էր, թե ինչպես է բացահայտում երեխայի սեռը, ապա ինչպես էին այդ մասին հայտնել իրենց որդիներին: Նախքան փոքրիկի լույս աշխարհ գալը երգչուհին ցույց էր տվել, թե ինչ քննարկում է ունեցել որդիների հետ անվան հարցում: Կրտսեր որդին՝ Միքայելը, տղայի դեպքում առաջարկել էր փոքրիկին տալ Կայծակ, իսկ աղջկան՝ Արևածաղիկ անունները: Սիրուշոյի ավագ որդին՝ Ռոբերտը, առաջարկել էր փոքրիկին անվանակոչել Սիրուշո: Երգչուհու հարցին՝ ինչպես կտարբերեն իրենց, Ռոբերտը պատասխանել էր. «Քեզ ասելու ենք մամա, իսկ իրեն՝ Սիրուշո»:

Հիշեցնենք նաև, որ նախքան մեկնելը Սիրուշոն գրառում էր արել այդ մասին: «Մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու: Ինչպես նաև այն շրջանը, երբ մի զանգված կօգտագործի առիթը ու կգրի. «բա եթե հայրենասեր ես, ինչու՞ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում» :)))Սա երբեք չեմ հասկացել: Այսինքն, բոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս հայրենասեր չե՞ն: Լավ, դա մի կողմ) Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ու սա այն շրջանն է, որ հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել: Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու և հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ միասին: Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա:

Հ.Գ. հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով կոլեգաներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ: Բայց իմ դեպքում իհարկե այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետևորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ: Այն, ինչ ճիշտ եմ գտնում, տեղադրում եմ իմ էջերում ու կիսում իմ լսարանի հետ, և ուզում եմ ինքս որոշել ինչ եմ կիսում, ոչ թե որևէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է: Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել և ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ»,-գրել էր երգչուհին:
Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

Մեկնաբանություն

Որոնում