Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացավ:
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի առթիվ գրել է հետեւյալը.
«Հենց նոր մահացավ Արմեն Գրիգորյանը: Դատարանում: Խոսքերս խեղդվեցին կոկորդումս: Յուրաքանչյուրս կարող էինք լինել նրա տեղում: Խաղաղ թող մնա հոգիդ Երկնքում…..», – գրել է Նազենին, իսկ մեկնաբանությունների հատվածում հավելել է․ «Արմենին էստեղ վատ բան գրողը նրան չի գրում, այլ իր սեփական ընտանիքին ու ինքն իրեն: Այդքանը: Ձեր անեծքները ձեզ են միայն վերադառնալու: Վերևն Աստված կա»։
Հավելենք, որ համացանցում հայտնվել են դեպքից կադրեր, որոնք հրապարակել էր լրագրող Սյուզի Բադոյանը: Նա դրանց կից գրել էր հետեւյալը.
«Արմենն ուշագնաց եղավ, նիստն հետաձգվեց առողջական վիճակը կտրուկ վատացավ , նեռռռռ
Ասում են առողջությունն էլ քայքայել ես
15 րոպե է `սառը գետնին պառկացրել են։ Ոչ շտապ օգնությունն է հասել տեղ ոչ ինքն է ուշքի գալիս»:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ուներ: Նա ակտիվ կերպով քննադատում էր գործող իշխանությանը:
Հիշեցնենք, որ Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից: