Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության… Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…
Ես հույս ունեի, այո, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն`ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը։
Խորին ցավակցություններս` հարազատներին…»:
Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 15-ին Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացավ:
Հավելենք, որ համացանցում հայտնվել են դեպքից կադրեր:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ուներ: Նա ակտիվ կերպով քննադատում էր գործող իշխանությանը:
Հիշեցնենք, որ Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու էր նաև խափանման միջոցի հարցը։ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից: