Էսօր էս վիդեոն ցույց կտայի Գոռիս, եթե չլիներ անիծված պատերազմը… Համացանցում 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Սարկիսյանի մասնակցությամբ հուզիչ տեսանյութ է հայտնվել

  • Aug 09, 2022

44-օրյա պատերազմում զոհված Գոռ Սարկիսյանի մտերիմներից Նել Ավետիյանն արխիվային հուզիչ տեսանյութ է հրապարակել Գոռի մասնակցությամբ: Դրան կից նա գրել է հետեւյալը.

«07.08.2020
Էսօր էս վիդեոն ցույց կտայի Գոռիս, եթե չլիներ անիծված պատերազմը…
Էս վիդեոն նկարելու օրն էր, որ ասեց ՝
«չգիտեմ 2 տարի ոնց եմ ապրելու առանց էս գորգի, առանց զալի, առանց ձեզ….Երկու տարին էսօր լրացավ, իսկ մենք հավերժ կապրենք առանց քեզ….
Լույս Գոռս»:

Նշենք, որ տղան 6 տարեկանից սպորտով էր զբաղվում, հաճախում էր Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ էր։ Գոռին սպորտում մեծ ապագա էր սպասում, տաղանդավոր մարզիկն արդեն հասցրել էր արժանանալ բազում մեդալների եւ պատվոգրերի։

«Մեդալների թիվը հասնում է 200-ի, իսկ պատվոգրերը մի ամբողջ տուփ են լցնում,- պատմում է մայրը:- Այդ պարգեւներն են մնացել Գոռից, ամեն օր նայում եմ ու հպարտանում։ Եթե վերադառնար պատերազմից, մեծ բարձունքների կհասներ սպորտի բնագավառում»-հարցազրույցներից մեկում պատմել էր մայրը՝ Լալան:

Կյանքով լեցուն տղան բազում նպատակներ եւ երազանքներ ուներ։ Պատերազմի ժամանակ 10-15 վայրկյան տեւող զանգերի ընթացքում էլ հասցնում էր ապագա ծրագրերից խոսել։ Ուզում էր ուսումը Մոսկվայում շարունակել եւ ատամնատեխնիկ դառնալ, նաեւ իր սեփական գործն ունենալ։ Դեռ 15 տարեկանում բիզնես կառավարման դասերի էր գնում, որ կարողանար լավ ծրագիր մշակել եւ ապագայում գումար վաստակել։ Բոլոր ուղղություններով զարգացած էր, ձգտում էր ամեն ինչ իմանալու, ամեն օր նոր բան սովորելու։

Երիտասարդը բանակ էր զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 7-ին։ Ծառայության էր մեկնել մարտական տրամադրվածությամբ։

«Համոզված էի, որ լավ կծառայի։ Ասում էր, որ երբ գնա բանակ, թույլերին ու խեղճերին պաշտպանելու է»,- պատմել էր Լալան։

Մայրը չի կարողանում համակերպվել որդու կորստի հետ:

«Չեմ կարողանում սովորել ապրել առանց Գոռիս, անասելի դժվար է։ Մարդու երեւակայությունն անգամ չի կարող թույլ տալ, որ այս ամենը պատկերացնենք, իսկ մենք ապրում ենք այս սարսափ ֆիլմի մեջ, ու, ավա՜ղ, այն չի ստացվում անջատել վահանակի կոճակն ուղղակի սեղմելով»։

 

Մեկնաբանություն

Որոնում