Երգիչ Արամ MP3-ն «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է, որ այսօր նախատեսված իր համերգը չեղարկում է։
«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, ես չեղարկում եմ այսօրվա համերգը և տեղափոխում եմ անհայտ ժամկետով, մնացածի մասին ձեր լրացուցիչ կասեն։ Այս պահին միակ ցանկությունս է, որպեսզի որքան հնարավոր է քիչ կորուստներ լինեն։ Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։ Շնորհակալություն ըմբռնման համար», – նշել է Արամը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 7 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից:
Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։
Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: