Պայթյունից զոհված Վարդան Քոչարյանը դեպքից վայրկյաններ առաջ խոսել է դստեր հետ․ ո՞վ էր նա (տեսանյութ)

  • Aug 15, 2022

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհվածներից է Վարդան Քոչարյանը։ Նրա հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Oragir.news-ին պատմել է, որ պայթյունից առաջ Վարդանը վերջինը խոսել է դստեր հետ։ Զրույցից հետո պայթյուն է եղել, ու Վարդանը մնացել է փլատակների տակ։

«Քոչարյանը ձեռնարկատեր էր, մեծածախ առևտրով էր զբաղվում։ Չինաստանից ապրանք էր ներմուծում և մատակարարում ՀՀ մարզերում գործող խանութներ։ Երկար տարիներ այդ գործով էր զբաղվում։ «Սուրմալու»-ում իր առևտրի կետն ուներ։ Չեք գտնի մեկ մարդու, ով նրա մասին բացասկան կարտահայտվի․ համեստ էր, լուրջ, կշռադատված, աշխատասեր։ Սիրում էր դասական երաժշտություն ու սիրահարված էր բնությանը։ Շատ էր սիրում արևամուտը․ միշտ լուսանկարահանում էր։ Շատ ենք ցավում, որ իր կյանքի արևամուտը այսպես եղավ։ Նա բազմաթիվ նպատակներ ուներ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Պայթյունի հետեւանքով կա 7 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Զոհվել են Վարդան Քոչարյանը, Միսակ Մարգարյանը, Անահիտ Մխիթարյանը, Ջեմմա Նազարյանը, Անահիտ Խալաթյանը, Գայանե Ավետիսյանը։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

Մեկնաբանություն

Որոնում