Երեխային գրկած հղի կնոջ այդ տեսարանին հոգեբանորեն պատրաստ չէի, իմ պրակտիկայում նման իրավիճակում երբեք չէի եղել. փրկարարը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

  • Aug 23, 2022

Armtimes.com-ը գրում է․ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից մեկ շաբաթից ավելի է անցել, սակայն մեկ անձ դեռեւս անհետ կորած է համարվում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ոչ միայն որոնողական, այլեւ տարածքի մաքրման աշխատանքները, տեղ-տեղ՝ իրականացնում հարկադրված փլուզումներ, որպեսզի հետագա աշխատանքները լինեն արդարացված ռիսկի սահմաններում:

Այդ աշխատանքներում ներգրավված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը զրուցել է «Հայկական ժամանակի» հետ:

Կարեն Ավետիսյանն արդեն 10 տարուց ավելի է՝ աշխատում է ԱԻՆ փրկարարական ջոկատում, սակայն ասում է՝ իր ծառայության ընթացքում նման մասշտաբի պատահար, ինչպիսին «Սուրմալուինն» էր, առաջին անգամ էր տեսնում: Ավետիսյանի ղեկավարած ջոկատն այդ օրը տագնապով է դուրս եկել արտակարգ իրավիճակի վայր: Առաջին երկու ժամվա ընթացքում փլատակներից դուրս են բերել 10 քաղաքացու՝ ողջ վիճակում. «Կոնկրետ իմ մասնակցությամբ երկաթբետոնե կոնստրուկցիաներից երկու կին դուրս բերվեց, որոնց կյանքին ու առողջությանը որեւէ վտանգ չէր սպառնում»:

Ավետիսյանը հիշում է՝ դեպքի օրն աշխատել են մինչեւ ուշ գիշեր, ապա՝ գնացել հերթափոխի, մի քանի ժամ հանգստից հետո՝ վերադարձել՝ իրականացնելով 24-ժամյա ծառայություն: «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը Հայաստանում միակն է (ՀՆՓԱԻԿ), մենք չէինք կարող բացակայել»,- նկատում է նա:

Ավետիսյանը նաեւ ընդգծում է՝ Հայաստանում նման արտակարգ իրավիճակ տեւական ժամանակ չէր եղել. փլուզումներ եղել էին շենք-շինությունների, երկհարկանի փոքր կառույցների եւ այլն, եւ այլն, եղել էին նաեւ տուժածներ, կենսական կարեւոր ֆունկցիաների բացակայմամբ անձինք:

Փրկարարական ջոկատի հրամանատարի խոսքով՝ ոչ մի արտակարգ իրավիճակ մեկը մյուսին նման չի լինում: Վերջինս ասում է՝ փրկարարը չի կարող պատրաստ լինել ինչ-որ բնույթի արտակարգ իրավիճակի, քանի որ դրանք բոլորը տարբեր են: ««Սուրմալուի» դեպքում ամենաբարդը մեծ թվով տուժածներն էին: Առաջին մի քանի ժամերին չունեինք հստակ տեղեկություն, թե քանի մարդ կա փլատակներում»,- մանրամասնում է Կարեն Ավետիսյանը:

Հիշելով հերթափոխից հետո կատարվածը՝ պատմում է՝ «Սուրմալուի» հյուսիսային հատվածի իրար կից հինգ կրպակներից դուրս է բերվել 4 դի: Նրա խոսքով՝ հոգեբանական ամենածանր վիճակը հղի կնոջն ու նրա երեխային դուրս բերելու ժամանակ է եղել:

«4 կրպակների դիմաց նկուղային հատված կար, չորս հոգի՝ հղի կինը, նրա 5-ամյա երեխան, քույրն ու խանութի աշխատակիցը, դուրս բերվեցին նկուղի աստիճաններից: Երեք աստիճան բարձրացած, այդ աստիճանների վրա իրար գրկած ընկած էին: Ենթադրվում է, որ փորձել են փախչել, փլուզումը տեղի է ունեցել: Նրանց մոտ հրդեհ ընդհանրապես չի եղել, փլատակներից էին տուժել: Շատ ուժեղ վնասվածք էր ստացել հղի աղջիկը՝ գլխի հատվածում, կողքին ընկած խանութի աշխատողն էլ էր տարբեր հարվածներ ստացել փլուզումից: Հարվածներ չէր ստացել հղիի քույրը: Երեխայի շորերը լրիվ մաքուր էին, անգամ փոշոտ չէին. նրան գրկած էին մահացել: Սկզբից փոքրիկին դուրս բերեցինք, երկար, գանգուր մազերը տեսնելով՝ կարծում էինք՝ աղջիկ երեխա է: Ամենածանրը այդ երեխային դուրս բերելն էր. դստերս տարիքի էր: 2011 թվականից ծառայության մեջ եմ, պրակտիկայում շատ է եղել այրված, մասնատված մարդկանց դիերի դուրս բերում եւ այլ դժբախտ պատահարներ, բայց հղի կնոջ ու երեխայի այդ տեսարանին հոգեբանորեն պատրաստ չէի»,- պատմում է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Մեկնաբանություն

Որոնում