Ամեն օր գնում էի խաղատուն, հիվանդություն է… Լեւոն Հարությունյանն առաջին անգամ խոսել է իր խաղամոլության մասին (տեսանյութ)

  • Aug 31, 2022

Դերասան Լեւոն Հարությունյանն օրերս Liferoom հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում նա խոսել է, որ իր կյանքում եղել է շրջան, երբ գրեթե ամեն օր այցելել է խաղատուն: Հաղորդավարի այն դիտարկմանը, որ Լեւոնը խաղացել է Մոսկվայում ապրելու ժամանակաշրջանում, դերասանը դրական պատասխան է տվել:

«Հա, կազինո եմ գնացել, մինչեւ հիմա էլ խաղում եմ: Հիմա կարողա տարին 1-2 անգամ գնամ, բայց առաջ կազինո էի գնում ամեն օր: Նարկոմանները, երբ ասում են իրենք բուժվել են, չեն բուժվել իրականում: Ժամանակավոր դադարեցրել են: Հիմա ես չեմ ասում, որ հիվանդ եմ, չնայած՝ կարող է եւ հիվանդ եմ: Ես համարում եմ, որ բուժվել եմ, առաջ գնում էի ամեն օր»,-անկեղծացել է Լեւոնը:

Ըստ Լեւոնի՝ դա տեղի էր ունենում հատկապես Մոսկվայում: Չնայած դրան՝ դերասանի խոսքով՝ երաշխիք չունես, որ չես ուզի կրկին հայտնվել խաղատանը:

«Դա նստած է քո ենթագիտակցության եւ երեւակայության մեջ: Երբ չունես մտածելու բան կամ ունես, խաղատանը դու դադարում ես մտածել, դառնում ես այլ մարդ: Երեւի դա էր պատճառը. վախենում էի մտածել»:

Հաղորդավարի հարցին՝ արդյո՞ք այդ շրջանը համընկել էր ամուսնալուծության հետ, Լեւոնը դրական պատասխան էր տվել:

«Չէի ասի, որ սթրեսային շրջան էր, ոււղղակի հիվանդություն է, որով հիվանդացել ես, գիտեիր՝ ինչ դեղահաբով պետք է բուժվես, բայց չէիր ուզում հրաժարվել այդ հիվանդությունից:Ամեն օր ասում էիր՝ հեսա կբուժվեմ»:

Լեւոն Հարությունյանը նշել է նաեւ, որ երբեք որեւէ մեկից պարտք չի արել, խաղացել է սեփական միջոցներով: Ըստ նրա՝ հրաժարվել էր խաղամոլությունից, քանի որ ուներ լուրջ պատճառ: Դերասանը նաեւ հորդորել էր մյուսներին չգնալ այդ քայլին:

«Հիշեք, որ կազինոյով երբեք չեք կարողանա հարստանալ: Հաղթող կլինեք միայն այն ժամանակ, երբ այլեւս չխաղաք»:

 

Մեկնաբանություն

Որոնում