Որտե՞ղ է անհետացել սիրված երգչուհի Աննա Մարտին

  • Jul 05, 2023

Տարիներ առաջ հայկական շոուբիզնեսում հայտնվեց նոր անուն՝ Աննա Մարտի, ով իր թողարկած երգերով, ապա նաև անկեղծ հարցազրույցներով հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։ Դեռ այն տարիներին հանդիսատեսի կողմից ջերմ գնահատականի արժանացավ մանավանդ այն փաստը, որ երգչուհին, ով արդեն բավականին հաջողությունների էր հասել ՌԴ-ում՝ համագործակցելով այնպիսի արտիստների հետ ինչպիսիք են Ռենդի Բրեկերը և Վլադիմիր Պրեսնյակովը, այնուամենայնիվ, որոշել էր կարիերայի նոր փուլ սկսել հայրենիքում։ Աննա Մարտիի մուտքը հայկական երգարվեստ իսկապես տպավորիչ էր։ Նրա տեսահոլովակները առանձնանում էին իրենց որակով և կատարված մանրակրկիտ աշխատանքով, իսկ կատարումները կարճ ժամանակում սիրվում էին և տարածվում։ Եթե փորձենք վերհիշել, ապա կնկատենք, որ երաժշտական մի շարք հաղորդումների ընթացքում և երաժշտական ալիքների եթերում Աննա Մարտիի երգերը հնչում էին պարբերաբար, ինչը խոսում է նաև հանրային լայն հետաքրքրության մասին։ Պետք է նշել, որ երգչուհու տեսահոլովակներն ու կատարումները, օրինակ, «Սիրո հեղեղ», «Նահանջում եմ», որոնց երաժշտության և խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, այժմ էլ շատ հաճախ ցուցադրվում են հեռուստատեսությամբ։ Այսինքն՝ Աննա Մարտիի երգերը այսքան տարիների ռոտացիայից հետո, միևնույնն է, մնում են երաժշտական թողարկումների ամենապահանջված կատարումներից մեկը, ինչը խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։

Գաղտնիք չէ, որ բացի ստեղծագործական կյանքից, հանրությանը հետաքրքրում է նաև այս կամ այն արտիստի անձնական և ընտանեկան կյանքը։ Այս առումով ևս Աննա Մարտին սիրվեց հեռուստադիտողի կողմից, քանի որ նա իր տարբեր հարցազրույցներում աչքի էր ընկնում անկեղծությամբ և անմիջականությամբ։ Իսկ այն, որ երգչուհին տարբեր առիթներով խոսում էր հայկական ավանդական ընտանիքում մեծանալու, օրինակելի ընտանիք կազմելու և երգարվեստում իր սկզբունքներին չդավաճանելու մասին, մեծացնում էր լսարանի համակրանքը նրա նկատմամբ։ Այստեղ հարկ է նշել նաև, որ Աննա Մարտին բավականին կարճ ժամանակահատվածում մասնակցել է մի շարք հաղորդաշարերի, ինչը նշանակում է, որ նա որպես անհատ և որպես երգչուհի հետաքրքիր է եղել հեռուստադիտողի համար։

Կարող ենք ասել, որ ճիշտ էր մտածված նաև, թե ինչ երգացանկ պետք է ներկայացնի երգչուհին, քանի որ Աննա Մարտիի կատարումները և՛ ժամանակին համընթաց էին, և՛ միևնույն ժամանակ պահպանված էին նրա երաժշտական սկզբունքները։ Այստեղ, իհա՛րկե, մեծ դերակատարում ուներ նաև այն պրոֆեսիոնալ թիմը, որի հետ համագործակցում էր Աննա Մարտին։

Ինչևէ, վերջին շրջանում երգչուհին պասիվացել է և տևական ժամանակ է, ինչ չի ներկայանում նոր կատարումներով։ Մեր տեղեկություններով, նրանք ընտանեկան բիզնես են հիմնել, բայց անգամ այս ընթացքում Աննա Մարտին չի դադարել ստեղծագործել և շուտով նոր երգի պրեմիերայով հանդես կգա։

Դե ինչ, մնում է սպասել Աննա Մարտիի երաժշտական նորություններին։

Մեկնաբանություն

Որոնում