Տաղանդավոր Հրանտ Թոխատյանի անտաղանդ քաղաքական մտքերը (Մաս 2)

  • Jul 05, 2023

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին կարող ենք համարել վերջին տասնամյակի ամենահայտնի դերասաններից, ով իր խաղով տպավորել է ոչ միայն հայկական, այլև ռուսական արտադրության ֆիլմերում։ Սակայն մյուս կողմից էլ չենք կարող չփաստել, որ Հրանտ Թոխատյան քաղաքական գործիչը բավականին վատ ազդեցություն ունեցավ Հրանտ Թոխատյան դերասանի վարկանիշի վրա։ Չենք կարող հերքել նաև, որ դրա պատճառը հենց ինքը՝ Թոխատյանն է և նրա չկողմնորոշված ու իրար հակասող քաղաքական հայտարարությունները, որոնք նա արել է այս տարիների ընթացքում և որ ամենակարևորն է՝ տարբեր ժամանակներում հարելով տարբեր քաղաքական ուժերի։ Թոխատյանը 4 տարի շարունակ Երևանի ավագանու անդամ է եղել  ՀՀԿ կազմում և մեկ անգամ չէ, որ քննադատել է գործող իշխանություններին։ Այստեղ հարցը ամենևին էլ այն չէ, թե արդյո՞ք տեղին էին այդ քննադատությունները, թե ոչ, այլ այն, որ Թոխատյանը, երևի թե մոռացել էր, որ ի տարբերություն հասարակ ժողովրդի՝ իրեն տրված էր փոփոխություններ կատարելու գործիքակազմ։ Նրա նախաձեռնությամբ փոփոխությունների, սակայն, այդպես էլ ականատես չեղանք։ Արդեն 2017 թվականի իր հարցազրույցներից մեկում, երբ արդեն ավագանու անդամ չէր, Թոխատյանը հակասում է ինքն իրեն ասելով, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք ինքը տեսել է փոփոխություններ, իսկ ՀՀԿ-ն առաջ է քաշել խնդիրներ, որոնք լուծվել են։ Արդյո՞ք Թոխատյանը մոռացել էր, թե ինչ հայտարարություններ էր արել ոչ վաղ անցյալում, թե՞ պարզապես ժամանակին չէր նկատել այդ փոփոխությունները և միայն հետո է ուշադրություն դարձրել քաղաքին։

Արդեն 2018 թվականին Հրանտ Թոխատյանը ողջունեց «Թավշյա հեղափոխությունը», և պարզ չէ՝ անկեղծ մղումներով և իսկապես հավատո՞վ, թե՞ հասարակության որոշ զանգվածների չհիասթափեցնելու նպատակով։ Չենք բացառում, որ այլ տարբերակներ ևս կարող են լինել։

Ինչևէ, Թոխատյանը այսօր կրկին հանդես է գալիս որպես ընդդիմադիր։ Ընդամենը մեկ տարի առաջ նա մասնակցում էր իրազեկման ակցիաներին՝ ասելով, որ մարդիկ պետք է դուրս գան և միանան շարժմանը, ինչպես նաև նշում էր, որ ինքը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, դա իրեն անհետաքրքիր է։ Փաստորեն, 2013-2016 թվականներին Թոխատյանը անհետաքրքրությամբ եղել է Երևանի ավագանու անդամ, անհետաքրքրությամբ երբեմն մասնակցել է նիստերին, դրա համար էլ նրա նախաձեռնությամբ ոչ մի կարևոր և դրական փոփոխություն չի մնացել պատմության մեջ։

Առնվազն տարօրինակ էր նաև Հրանտ Թոխատյանի մոտեցումը Արթուր Ասաստրյանի հետ կապված դեպքերին, որը բացի քաղաքական տեսանկյունից, կարելի է դիտարկել բացառապես անձնային, մարդկային տեսանկյունից։ Նշենք, որ այդ իրադարձություններից ընդամենը մի քանի տարի առաջ Հրանտ Թոխատյանը վարել էր Արթուր Ասատրյանի դստեր նշանադրությունը՝ իր խոսքում նրան գովասանքի խոսքերի արժանացնելով և հատուկ ընդգծելով վերջինիս կատարած բարեգործությունները։ Բայց արդեն հայտնի դեպքերից հետո Թոխատյանը հայտարարում էր, որ լավ է, որ ձերբակալություններ եղան, իսկ այդ բարեգործությունները գին չունեին։

Հրանտ Թոխատյանի՝ տարիների ընթացքում արած քայլերն ու հայտարարությունները վերհիշելուց հետո, միևնույնն է, հարց է առաջանում. Ի վերջո, իրականում ի՞նչ է ուզում Հրանտ Թոխատյանը։

Մեկնաբանություն

Որոնում