Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգիչ Արազ Դարեն, ով 10 տարվա ընդմիջումից հետո կրկին վերադարձել է Հայաստան։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։
Զրույցի սկզբում Արազ Դարեն նշեց, որ այս շրջանում բավականին ոգևորված է իր վերադարձով և ջերմ արձագանքներ է ստացել հանրության կողմից, իսկ անդրադառնալով հարցին, թե ինչու տարիներ առաջ՝ իր կարիերայի պիկին, լքեց ասպարեզը և հեռացավ Հայաստանից, երգիչը պատասխանել էր, որ հիմնական պատճառներից մեկը եղել է ֆինանսական խնդիրը, քանի որ ինքը տեսահոլովակ նկարահանելու համար անգամ իր մեքենան է վաճառել, բայց, փոխարենը, եկամուտ չի ունեցել։
Այնուամենայնիվ որպես հիասթափության գլխավոր պատճառ Արազ Դարեն համարել էր Հայաստանում բնակարանից և հողամասից զրկվելու հարցը։ Երգչի խոսքով՝ ինքը խաբվել էր և բազմաթիվ թղթաբանական հարցեր լուծելուց, կանխավճար տալուց հետո իրեն չեն տրամադրել բնակարանը՝ ասելով, որ կա՛մ պետք է մի քանի տարի սպասի այլ բնակարան ձեռք բերելու համար, կա՛մ կարող է դիմել դատարան։ Իսկ Դավթաշենում ձեռք բերված հողամասը, ըստ նրա, անօրինական ձևով վաճառվել էր մեկ ուրիշին։ Արազ Դարեն նշում էր, որ այս ամենից հետո իր մոտ առաջացել է անվստահության զգացողություն և ինքը հասկացել է, որ իր բոլոր հույսերն ու երազանքները փլուզվում են։ Նա նաև նշել էր, որ կյանքի այդ էտապը շատ լուրջ ազդեցություն է թողել նաև իր մասնագիտական գործունեության վրա, քանի որ ինքը մտածել է, որ շարունակելու է գործունեություն ծավալել Հայաստանում և բաց է թողել Թեհրանում հայտնի պրոդյուսերներից մեկի հետ աշխատելու հնարավորությունը։ Չնայած այս ամենին՝ Արազ Դարեն հավելել էր նաև, որ այս պահին բոլոր խնդիրները լուծված են և արդեն նախորդ տարվանից ինքը Հայաստանում բնակարան ունի։
Խոսելով Թեհրանում ծավալած գործունեության մասին՝ Արազ Դարեն նշել էր, որ մոտ 3 տարի ծանր հոգեվիճակում է եղել, ժամանակի մեծ մասն անցկացրել է սենյակում փակված և միայն հետո որոշել է հիմնել իր պրոդյուսերական կենտրոնը և բավականին մեծ եկամուտ է ունեցել, սակայն իրեն ցավեցրել է այն փաստը, որ ինքը՝ որպես արտիստ, առաջին պլանում չէ։
Արազ Դարեն մեծացել է Իրանում և անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իր համար դժվար չի եղել մեծանալ իսլամական միջավայրում, նա նշել էր, որ այնտեղ հայերին շատ են սիրում և հարգում, սակայն իր համար դժվար է միայն այն, որ հայերը նախկինում ազդեցիկ դիրք են ունեցել Իրանում սակայն հիմա դա այդպես չէ, և ինքը փորձում է հետ բերել այդ ազդեցությունը։ Երգիչը նաև նշել էր, որ ինքը շատ է ցավում, երբ տեսնում է, որ հայերը լքում են Հայաստանը և գնում ԱՄՆ կամ այլ երկրներ։
Զրույցի ընթացքում Արազը խոսել էր նաև ընտանիքի մասին՝ ասելով, որ ինքը ամուսնացած է հայուհու հետ և այլ տարբերակ էլ չի դիտարկել, քանի որ իրանահայերը այդ առումով պահպանողական են և շատ հազվադեպ են օտար ազգի ներկայացուցիչների հետ կյանքը կապում։ Խոսելով դստեր՝ Բրենդայի մասին, երգիչն ասել էր, որ նա 16 տարեկան է, սովորում է Իրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում, շատ տաղանդավոր է և շուտով հանդես կգա երաժշտական ասպարեզում։ Արազը նաև ընդգծել էր, որ ինքը դստերն արդեն նախապատրաստել է ոլորտի դժվարություններին։
Երգիչը խոստովանել էր, որ Հայաստանից աշխատանքային առաջարկ է ստացել, այդ պատճառով էլ վերադարձել է և լսարանը իրեն կտեսնի նոր երգերով և նոր տեսահոլովակներով, առաջիկայում նաև զուգերգ է սպասվում։
Ժամանակին Արազի երաժշտական կարիերայում շրջադարձային եղավ Արմինկայի հետ զուգերգը և անդրադառնալով Արմինկայի հետ հարաբերություններին, նա նշել էր, որ իրենք կապը պահպանել են, շատ ջերմ հարաբերություններ ունեն, պարբերաբար զրուցում են միմյանց հետ, ինչպես նաև ընդգծել էր, որ Արմինկան մտերիմ է նաև իր կնոջ հետ։
Արազ Դարեն նշել էր նաև, որ մտածում է ընտանիքի հետ միասին Հայաստան տեղափոխվելու մասին։