Դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվել է։
Նույն գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ։ Դատախազությունից հայտնում են, որ նա հայտնաբերվել է, ձերբակալվել, և նրան ևս կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ ՌԴ-ում եւ Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի եւ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ։
Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Արեմն Սմբատյանը, վերջինիս որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը։