«10 տարի անցավ». Հայտնիների հուզիչ հրապարակումները՝ Մարկ Սաղաթելյանի մահվան տարելիցին

  • Jul 31, 2023

«Ես դեռ կվերադառնամ»։ Հենց այսպիսին էր ճանաչված հեռուստահաղորդավար, շոումեն և դերասան Մարկ Սաղաթելյանի վերջին գրառումը, ով մահացավ 2013 թվականի հուլիսի 31-ին, կյանքի 42-րդ տարում Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Ինչպես այն ժամանակ հայտնել էր Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին, Սաղաթելյանի կենսաբանական մահը գրանցվել էր ժամը 12:30-ի սահմաններում: Մարկ Սաղաթելյանը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մահից 1 օր առաջ սուր լեյկոզով։ Գնունին հայտնել էր նաև, որ լեյկոզի ախտանշանները՝ թուլություն, մարմնի վրա կապտուկներ, Սաղաթելյանի մոտ ի հայտ էին եկել դեռ երկու ամիս առաջ, սակայն նա հրաժարվել էր բուժօգնության դիմել եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել հիվանդության սուր վիճակում: Հենց այդ գիշեր Մարկը պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննման, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր։

Մարկ Սաղաթելյանի մահը անսպասելի և շոկային էր հանրության համար և այդ շրջանում համացանցը ողողված էր բազմաթիվ գրառումներով։ Մարկի ընկերներն ու հարազատները՝ Արմեն Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Նազենի Հովհաննիսյանը նույնպես հանդես էին եկել հրապարակումներով։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Մարկ Սաղաթելյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։
Արդեն այսօր լրանում է սիրված հեռուստահաղորդավարի և դերասանի մահվան 10-րդ տարելիցը։ Նրա կինը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ամուսնու մասնակցությամբ լուսանկարներ, որոնց կից գրել էր.
«Միշտ եղել ես, կաս և կլինես»։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ինստագրամյան իր էջի story բաժնում Մարկի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր.
«10 տարի անցավ»։

Հիշեցնենք, որ մահվանից ընդամենը 1 տարի առաջ Մարկ Սաղաթելյանը ավտովթարի էր ենթարկվել և բուժում էր ստանում Գերմանիայում։ Իր վերջին հարցազրույցների ժամանակ նա հաճախ էր խոսում կյանքը նորովի գնահատելու և արժեքները վերափոխելու մասին.
«Պետք է ամեն վայրկյան քո ապրած կյանքից հաճույք ստանաս, ժպտաս, լավ լինես, որովհետև վաղվա օրը կարող է չգալ: Ինձ մոտ արժեքների փոփոխություն է եղել…»,- ասել էր Մարկ Սաղաթելյանը իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում։

 

Մեկնաբանություն

Որոնում