StarNews-ը արդեն հայտնել էր, որ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվել է։
Դիրիժորի կալանավորման դեմ բողոքի նպատակով համացանցում մեկնարկել է Support Sergey Smbatyan ակցիան, որի շրջանակներում հայտարարությամբ է հանդես եկել նաև «Հայկո Հակոբյան» հիմնադրամը։ Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Կենսագրությունը կերտելը բարդ է, դա անխոնջ, երկարատև ու բարդ աշխատանք է: Մաեստրո Սերգեյ Սմբատյանը կերտել է իր կենսագրությունը անկախ իր հայտնի ազգանունից:Նա որոշել է նվիրվել հայ մշակույթի հանրահռչակմանը: Չնայած բազմաթիվ հնարավորությունների, գրավիչ առաջարկների, այդպես էլ չլքեց Հայաստանը և նվիրումը հայ մշակույթին դասեց ավելի վեր, քան իր կարիերան ու փառքը:
Հայրենասեր, մարդասեր, ընկերասեր, մարդկային բարձր արժեքներով օժտված անհատականություն:
Նրա աշխատասիրությունը օրինակելի է : Նա միշտ ունի ժամանակ լսելու և միանալու նոր, համարձակ ստեղծագործական գաղափարներին: Նա ստանձնել է ամենամեծ ու կարևոր առաքելությունը՝ բազմաթիվ նախագծերի միջոցով կրթել ավելի լավ, ավելի մշակութասեր սերունդ:
Ս. Սմբատյանի կատարված աշխատանքի և նախագծերի, արժանիքների և ձեռքբերումների մասին կարելի է խոսել անվերջ :
Մենք բոլորս վստահ ենք, որ շատ շուտով արդարությունը կվերականգնվի: Մաեստրոյի տեղը և անունը մեր երկրի մշակութային գործընթացի առաջնագծում է:
Մաեստրո ջան, Ձեր աջակիցների բանակը մեծ է:
Հայկո Հակոբյան հիմնադրամը այդ բանակում է` անհամբեր սպասելով համատեղ «Սիմֆոնիկ Հայկո» նախագծի իրականացմանը։
Արթուր Ջանիբեկյան
Վահե Հակոբյան
Հրաչ Քեշիշյան
Իրինա Վարդանյան
Նառա Ամատունի
Գագա Ամատունի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ ՌԴ-ում եւ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի եւ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ։
Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Արեմն Սմբատյանը, վերջինիս որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը։