Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է արցախցի փոքրիկների լուսանկար և կից անգլալեզու գրառման մեջ անդրադարձել այս պահին Արցախում տիրող իրավիճակին՝ կոչ անելով բացել կյանքի ճանապարհը։
Ֆուտբոլիստը, մասնավորապես, գրել է.
«Ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է գտնվում են շրջափակման և ավերածությունների մեջ։ Լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին, առանց կյանք փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների:
Այս սովից մահացող մարդկանց սրտաճմլիկ իրականությունը աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Հանուն երեխաների՝ պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի նրանք սկսեն բուժվել և ապաքինվել:
Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական սկզբունքային և անարգել մուտքը»։