Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանը իր էջում հրապարակել է հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների լուսանկար՝ կից գրառմամբ հայտնելով, որ երեխաների մուտքը Ջրաշխարհ արգելել են.
«Այս հրաշք խումբն այսօր Վանաձորից հասել էր Երևան։ Խմբի ցանկությունը մեկն էր` մտնել ջրաշխարհ, սրտի թրթիռով կտրել-անցել էին երկար ճանապարհ ու հույս-հավատով, որ իրենք էլ բոլորի պես հավասար իրավունքներ ունեն, բայց, արի ու տես, փակ էր Ջրաշխարհի դռները իրենց առաջ։
Պատճառը ծիծաղելի, կխանգարեն մյուսների հանգիստը։
Ուր մնաց ներառականությունն ու հավասարությունը»,- գրել է Հասմիկ Սողոմոնյանը` դիմելով ՄԻՊ-ին:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է դեպքին ու գրառում կատարել.
«Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»: