Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի հերթական «Օձի լեզու» հաղորդումը փոքր-ինչ տարբերվել է նախագծի հիմնական ֆորմատից։ Հաղորդավարները որոշել էին հայաստանյան եթերաշրջանի առաջին նկարահանմանը հրավիրել 44-օրյա պատերազմի մասնակից տղաներին, ում հետ զրուցել էին պատերազմից առաջ և հետո կյանքի մասին։
StarNews-ը հետևել է զրույցին և ներկայացնում է կարևոր մանրամասները։
Նրանց առաջին հյուրը դարձել էր 44-օրյա պատերազմի մասնակից, տանկի ավագ նշանառու-օպերատոր Սեյրան Սողոյանը, ով պատերազմի ընթացքում լուրջ վիրավորում է ստացել։ Սեյրանը նշել էր, որ պատերազմը 2 մասի է բաժանել իր երազանքների իրականացումը, նպատակները, դրանք տարբեր են եղել պատերազմից առաջ և հետո։ Միաժամանակ Սեյրանի խոսքով՝ իր մարդկային տեսակը փոփոխություններ չի կրել։
Սեյրանը պատմել էր նաև վիրավորում ստանալուց հետո հարազատների հետ առաջին հանդիպման մասին.
«Առաջին հանդիպումը եղել է մորս հետ։ Մայրս շատ ուժեղ կին է։ Երբ բժշկին ասացի, որ ոտքերս չեմ զգում, նա ասաց, որ այսինչ վնասվածքն եմ ստացել, հնարավոր է երբեք չքայլեմ։ Այդ լուրը իմանալուց հետո մայրս ներս մտավ ու չէի ուզում ասել, բայց ասացի՝ մամ ոտքերս չեմ զգում։ Մայրս ասաց ոչինչ կզգանք չմտածես։ Այդ պահին մտածեցի, որ եթե մաման ասումա, ուրեմն մի բան գիտի ու այդ խոսքերը ինձ շատ օգնեցին, որ ես իմ մեջ ուժ գտնեմ ու շարունակեմ պայքարս։ 2 շաբաթ նույն դիրքով պառկած եմ եղել, իմ միակ տեսարանը պատուհանն է եղել, ես շատ եմ սիրում փոփոխություններ ու 2 շաբաթ նույն տեսարանը՝ շատ դժվար էր։ Երբ հարցրի, իսկ երբ գոնե կարող եմ նստել, բժիշկն ասաց՝ շատ շուտ է դրա մասին մտածելը՝ 6 ամիս 1 տարի հետո։ Այդ բառերը ինձ համար շատ ահավոր էին ու այդ ժամանակ կինեզիստին, ով աշխատում էր ինձ հետ, խնդրեցի, որ շատ աշխատենք ու իր շնորհիվ ես նստեցի 1 շաբաթ հետո։ Երբ բժիշկը տեսավ ասաց, որ իրոք ամեն ինչ կախված է քեզնից, թե դու ինչպես ես տրամադրված։ Մի պահ ես վախեցա՝ պատկերացրի ինձ սպիտակ մազերով, ծեր ու սայլակին գամված, ինչը ինձ համար անընդունելի է ու միանգամից ինձ ասացի, որ թույլ չեմ տա բանը հասնի դրան»։
Հաղորդման հաջորդ հյուրերն էին 44-օրյա պատերամի մասնակից զինակից ընկերներ Կարեն Ղազարյանն ու Վլադիմիր Ազնավուրյանը, ովքեր ևս ծանր վիրավորումներ են ստացել պատերազմի ընթացքում։ Տղաները ընկերացել են ծառայության ժամանակ և չնայած նրան, որ հետագայում առանձին են ծառայել, միևնույնն է, կապը պահել են։ Միայն վիրավորում ստանալուց և Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո են տղաները պարզել, որ գտնվում են նույն հիվանդանոցի նույն հարկում և այդպես էլ գտել են իրար։
«Վիրավորման հետ կապված ասեմ, որ մեր արած գործն ավելի մեծ է, քան այդ ցավը, ցավը տանելի է, համակերպվել ենք արդեն, լինում է ապրել ցավի հետ իրականում»,-նշել էր Կարենը։
Արայի այն հարցին, թե ինչ են զգում, երբ տեսնում են ներկայիս իրավիճակը՝ Վլադիմիրը ասել էր, որ անարդարություն, իսկ Կարենը ընդգծել էր, որ չնայած նրամ, որ այս պահին իրավիճակը Հայաստանում շատ խառն է, ինքը հույս ունի, որ բոլոր ժամանակներում էլ կգնվեն տղաներ, ովքեր կպահեն մեր սահմաններն ու հայրենիքը։
«Շատ ընկերներ ունենք կորցրած ու մեղքի զգացումն այսպես է, երբ դու գիտակցում ես՝ որտեղից ես եկել, ինչ ճանապարհով, ու գիտակցում ես, որ քո ընկերը քեզ պես տուն չի վերադարձել, հասկանում ես, որ կա մեղքի ինչ-որ չափաբաժին, որովհետև կապ չունի որ եղել ենք տարբեր տեղեր, բոլորս մի կռվում ենք եղել, ու ես իմ սրտի խորքում ունեմ մի այսպիսի բան, որ պետք է պայքարեինք ոչ միայն հաղթելու համար, այլև որ բոլորս տուն վերադառնայինք, ես իմ մեջ զգում եմ մեղքի զգացողություն, որ իմ շատ ու շատ ընկերներ մեր կողքին չեն հիմա»,- նշել էր Կարենը։
«Հարազատներիս օգնությամբ գալիս եմ Երևան, վերականգնողական կենտրոններ, իսկ գյուղում համակերպվելով է, սովորում ես»,- ասել էր Վլադիմիրը՝ անդրադառնալով մարզից Երևան հասնելու փոքր բնակատեղիներում առկա դժվարությունների մասին խոսելիս։
Մանրամասն՝ տեսանյութում.