Գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։
Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» ընկերությանը։ Ուղևորները վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից։
Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ քաղաքացիները ստացել են բազմաթիվ վնասվածքներ՝ գլխուղեղային, դիմային գանգի, վերջույթներ եւ թոքերի վնասվածքներ։ Խաչատրյանը։
ՀՀ ԱՆ-ն նույնպես հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:
Ողբերգական վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձներ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Հայտնի է դարձել, որ գիշերը ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն ամուսիններ են, մյուս երկուսն էլ նրանց խնամիներն են՝ դարձյալ ամուսիններ։ Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանը, լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր լուրը։
Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանն էլ հայտնել էր, որ իրենց համագյուղացի խնամիները նույնպես մահացել են վթարի հետևանքով։
Զոհերի թվում է նաև «Համշեն տուր»-ի զբոսավարը՝ 21-ամյա Մուշեղ Էլոյանը, ով կես տարի առաջ էր աշխատանքի «Համշեն տուր»-ում։ Մուշեղը ամուսնացած չէր։
Ողբերգական վթարի զոհ է դարձել նաև 41-ամյա Լիանա Քոչինյանը՝ Երևանից, աշխատել է «Հեքիաթ» մանկապարտեզում՝ որպես մանկավարժ։
Վթարի հետևանքով ամենաերիտասարդ զոհը 18-ամյա Եվա Փարսյանն է՝ ծնունդով Կոռնիձորից։ Եվան այս տարի էր ավարտել դպրոցը և ընդունվել ԵՊՀ։
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասն՝ տեսանյութում.