Գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։
Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» ընկերությանը։ Ուղևորները վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից։
Ողբերգական վթարի հետեւանքով զոհված Volkswagen-ի վարորդը 35-ամյա Մառլեն Մարգարյանն է, ով վաղուց էր համագործակցում «Համշեն» տուրի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա ընկերներից մեկը:
Մառլենը արմատներով Ախալցխայից էր, ապրում էր Երեւանում, աշխատում էր նաեւ «Այբ» դպրոցում՝ որպես վարորդ: Մառլենն ամուսնացած էր, ունի 8 տարեկան որդի եւ մանկահասակ դուստր:
«Կյանքի մարդ, ուժեղ ու հզոր վարորդ, բարի, աշխատասեր, հավատս չի գալիս, որ Մառլենն էլ չկա»,- ասել է նրա ընկերը:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: