Արդեն ութ ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է: Գրեթե երկու ամիս Արցախ որևէ գրամ սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանք չի մտնում. Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը մնացել է Հակարիի կամրջի մոտ, և պարզ չէ,թե ինչքան ժամանակով։ Խանութները դատարկ են, ակտիվություն կա միայն հացի երկար ձգվող հերթերում։
Եվ այս պայմաններում երեկ հայտնի դարձավ, որ Արցախում սովամահության դեպք է գրանցվել։
Ըստ Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության, Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
Հայ հայտնիներից մի քանիսը հրապարակումների միջոցով անդրադարձել էին դեպքին, որոնք էլ StarNews-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը։
Դերասան Ռաֆայել Երանոսյանը սոցիալական իր էջերում հրապարակել էր սովամահ եղած տղամարդու լուսանկարն ու գրառում կատարել.
«1983 թ. ծնված քաղաքացին մահացել է Արցախում սովից, վերջ։ Էլ բան չեմ կարա ավելացնեմ։ Իմ համար սա իմ անձնական ողբերգությունն է, կատաստրոֆիկ անտարբերության ապացույց»։
Դերասանը նաև դիմել էր միջազգային կառույցներին՝ հումանիտար աղետին վերջ տալու պահանջով։
Դերասանուհի Լիանա Վանոյանն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր Արցախի ՄԻՊ-ի գրառումը ու նշել.
«Կախված օդից մի ամբողջ ժողովուրդ… լավ սա վերջ ունի. ամեն տեղ մահ, ցավ, ողբ։ Պետական մակարդակով լռություն, սա ցեղասպանություն է…»։
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն էլ նախ հայտնել էր, որ Արցախում սովամահության առաջին դեպքն է գրանցվել՝ նշելով, որ սա հումանիտար ծայրահեղ աղետ է, ապա հավելել էր.
«Որ հիմա կարծիքս ասեմ բոլորի մասին 2 հոգի կմնա հետս խոսացող… Չնայած ոմանք կարող ա գիտակից լինեն ու ընդունեն»։
Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ իր գրառման մեջ նշել էր.
«21-րդ դար, Արցախ, մարդիկ մահանում են սովից»։
Դերասանուհի Իրինա Այվազյանն էլ թեմային անդրադառնալով նշել էր, որ «արդեն մեղքի զգացումով ենք ապրում»։
Մոդել Լուսինե Թովմասյանը հրապարակել էր սովամահության լուրն ու գրել՝ «սարսափելի է», դերասանուհի Աննա Մանուչարյանն էլ նշել էր, որ «կատաստրոֆիկ իրականություն է»։
Նշենք, որ հայ հայտնիներից կային նաև այնպիսիք, ովքեր հրապարակել էին տեղեկությունը՝ առանց հավելյալ գրառումների։ Մյուսները՝ ոչ մի կերպ չէին անդրադարձել 8 ամիս շարունակվող շրջափակման պայմաններում գրանցված սովամահության դեպքին։
Հավելենք նաև, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում սովի վտանգին զուգահեռ ահագնանում է ջրի խնդիրը։ «Ջրմուղ կոյուղին» ահազանգել էր ջրի սակավության մասին՝ խնդրելով այն օգտագործել խնայողաբար։
Արդեն 8 ամիս շարունակվող շրջափակման և երկամսյա լիակատար պաշարման նկատելի հետևանքները ցույց են տալիս, որ իրավիճակն Արցախում օրհասական է։