Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրերն էին դարձել երգիչ Գևորգ Մկրտչյանն ու սիրելին՝ Քրիստինա Հովհաննիսյանը, ովքեր զրույցի ընթացքում խոսել էին ընտանեկան, անձնական ու գործնական կյանքին վերաբերող ամեմատարբեր թեմաներից։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Ե’վ Գևորգը, և՛ Քրիստինան տարբեր հանգամանքների բերումով մեծացել են միայնակ մայրերի ընտանիքներում։ Գևորգի հայրը մահացել է, երբ երգիչը դեռ երեխա է եղել.
«Իմ ընտանիքը ամեն ինչ արել է, որ ես ունենամ լավ մանկություն, ապահովված լինեմ, բայց կա բաց, որը ոչ մի կերպ չես կարող լրացնել։ Ես 10 տարեկան էի, երբ պապաս մահացավ։ Պապաս ինձ շատ է սիրել, ոչ ոք իրավունք չուներ ինձ նեղացնելու։ Իմ ծնված օրվանից մի քանի ամիս անց ինքը քաղցկեղով է հիվանդացել ու այդ 10 տարիների ընթացքում միշտ ընտանիքս եղել է հիվանդանոցներում, ամեն տարի իրեն վիրահատել են։ Պապայի երազանքն էր, որ ինձ հեռուստացույցով տեսնի, ու այդ նպատակը կար, որ թեկուզ այսպես հայտնվեի հեռուստացույցում, մեկա ինքը ինձ չի տեսնելու, բայց դա իմ երազանքն էր։ Ես անկեղծ ասած էնքան փոքր էի, չէի հասկանում, որ քիչ է մնացել, ընտանիքս ինձ այդ ամեն ինչից մի քիչ հեռու է պահել, եղբայրս է այդ ամեն ինչը տեսել։ Ինքը 15 տարեկան էր, բայց արդեն ուներ 20 տարեկանի մտածելակերպ։ Այդ ամեն ինչից հետո ինքը այդ ամբողջ բեռը իր ուսերին վերցրեց ու որպես պապա ինքն է կողքին եղել ու տատիկս է ամեն ինչ արել, ամեն ինչով ապահովել։ Ես շատ բաներ այդ տարիքում չեմ գիտակցել, կարծում եմ 10 տարեկանը շատ փոքր է, որ ինչ-որ բաներ հասկանար»,- նշել էր Գևորգը։
Քրիստինայի ծնողներն էլ ամուսնալուծվել են, ու կապը հայրիկի հետ չի պահպանվել.
«Ծնողներս բաժանվել են, երբ ես 1-ին կամ 2-րդ դասարանում էի սովորում։ Միշտ իմ ընտանիքում ամեն ինչ արել են, որ ես այդ բացը չզգամ, իմ քեռին էր իմ հետ խոսում, իմ պապին։ Իմ պապիին ես «պապ» եմ ասում, որ լինի ինչ-որ մեկը, ում ես կարող եմ այդպես դիմել։ Ինձ թվում է ավելի շատ հորս որոշումն է եղել կապը չպահելու, որովհետև մայրս երբեք դեմ չի եղել, ես էլ որպես երեխա սպասել եմ ինչ-որ քայլերի, որոնք որ չեն եղել։ Իմ դասարանցիների հետևից գալիս էին իրենց պապաները, իմ հետևից գալիս էր իմ պապիկը ու ինչքան էլ իրենք փորձեին այդ բացը լրացնել, միևնույնն է, լինում է սրտումդ փոքրիկ բաց, որ չի լցվում։ Տարիներ հետո ես հասկացա, որ պետք չի սպասել, ինչքան շուտ ես դա բաց թողնեմ, ավելի հեշտ կլինի ապրել»,- ասել էր Քրիստինան, ով խոսքի ընթացքում նաև հուզվել էր և Գևորգը նրան շարունակելով ընդգծել էր, որ Քրիստինան միշտ զգացել է այդ ջերմության պակասը և շատ հաճախ այն փորձում է իրենից ստանալ։