Այսօր պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատի հարսանիքն է. Մանրամասներ

  • Aug 26, 2023

Այս օրվան նրանք երկար են սպասել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանն ու իր սիրելին` Սոնան, ամուսնանում են, գրում է Sputnik Արմենիան։

2021 թվականին` նրանց նշանադրությունից հետո, Sputnik Արմենիան այցելել էր Ծովագյուղ` Սանեյանների ընտանիք, զրուցել Վարոյի ու Սոնայի հետ։ Ծրագրում էին ամուսնանալ արդեն հաջորդ տարի, սակայն հանգամանքների բերումով հարսանիքը միայն 2,5 տարի անց է կայանում։

Վարոյի խոսքով` այս ընթացքում իր կյանքում մեծ փոփոխություններ չեն եղել։ Պրոթեզավորվել է, բայց պրոթեզների ֆունկցիոնալությունը լիարժեք չէ, ուստի հիմա չի օգտագործում։

«Անձնական կարիքներ հոգալ չեմ կարողանում. բիո–պրոթեզներ են, բայց սխալ են սարքված»,– ասում է Վարոն։ Հարսանիքից մի քանի օր հետո պետք է հանդիպի մասնագետների հետ` հասկանալու համար` պետք է թերությունը վերացվի՞, թե՞ պրոթեզն ամբողջությամբ փոխվի։
«Անկեղծ ասած` Սոնային ավելի լավ իմ թևերով եմ գրկում, քան թե պրոթեզներով»,– ժպտում է Վարոն։

Աշխատանք չի գտել. ասում է` տարբեր տեղեր դիմել է, բայց մտավախությամբ` արդյոք կարողանալու է աշխատանքը լիարժեք կատարել, թե ոչ։ Որոշել է` ամուսնությունից հետո աշխատանքի հարցն էլ կլուծի։

«Սոնան ինձ շատ է օգնում։ Ես իր հետ խոսել եմ, բացատրել եմ` հիմա ծնողներս ողջ են, ինձ առօրյա հարցերում օգնում են, բայց երբ որ մի օր չլինեն, ամբողջ դժվարությունն իր ուսերին է մնալու։ Սոնան ասում է` լավ է դա հասկանում. համաձայն է, պատրաստ է»։

Մեկնաբանություն

Որոնում