10-ամյա Նժդեհի հուզիչ խոսքերը տատիկի մասին. Բացառիկ

  • Sep 18, 2023

Ամիսներ առաջ Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» նախագծի հերթական թողարկման հյուրն էր դարձել փոքրիկ Նժդեհը, ում պատմությունը հուզել էր շատերին։ Երեխայի մայրը լքել էր նրան ընդամենը մեկ տարեկան հասակում, իսկ հայրը երբեմն այցելում էր որդուն, Նժդեհի խոսքով՝ այն ժամանակ, երբ գումար է ունենում։ Տղայի խնամքով զբաղվում էր 73-ամյա տատիկը, ում մասին խոսելիս Նժդեհը հաղորդման ընթացքում նշել էր.

«Էս աշխարհում էդքան մարդ չունեմ մի տատի ունեմ, աղոթում եմ, որ ինքը երկար ապրի, իմ կողքը լինի, ինձ պահում է, որ ես մանկատուն չգնամ, եթե կախարդական փայտիկ ունենայի, բոլոր դեղերը կառնեի, որ տատիս միշտ առողջ լիներ ու իմ կողքը լիներ։ Ես իմ տատիկին շատ եմ հարցնում, թե մամաս ուր է, տատիս էլ չգիտի իր տեղը։ Իմ տատին ինձ լավ է պահում, մեծանամ՝ տատիին շատ լավ եմ պահելու, ես իր լավության տակից չգիտեմ՝ ոնց եմ դուրս գալու։ Իմ տատին հիվանդ է, չի կարողանում նորմալ քայլի, շունչը կտրվում է, փարոսով ստանում ենք 20.000 դրամ, լիքը պարտքեր ունենք, չենք կարողանում տալ, զանգում են՝ ասում են պարտքերը տվեք։ Իմ տատին ինձ լողացնում է, տաշտը դնում է, ջուր է տաքացնում, լվացքը ձեռքով է անում, բայց մենք լավ հարևաններ ունենք՝ տալիս ենք լվում են տալիս են։ Նենց կուզեի տատին լվացքի մեքենա ունենար, որ էլ ձեռքով չլվանար։ Եղել է, որ ուտելիք չի եղել, ցամաք հաց եմ կերել քնել, տատիս ասում էր, ոչինչ, կանցնեն էս օրերը կգնան։ Ես հավատում եմ, որ տատիս, որ փող ունենա ինձ կտանի մանկական սրճարան։ Ես կարծում եմ, որ լավ մարդ եմ դառնալու ու տատիիս վարդի պես պահեմ։ Ես ու տատիս խորոված ենք սիրում ու ես մտածում եմ, որ փող աշխատեմ, գնալու եմ խորոված առնեմ, որ տատիիս հետ ուտեմ»։

Նժդեհը ցանկացել էր տեսնել երգչուհի Տաթև Ասատրյանին՝ ասելով, որ կցանկանար նրա նման մայրիկ ունենալ։ Տաթևն էլ կատարել էր երեխայի երազանքն ու հանդիպել նրան։ Հաղորդման այս թողարկումը միանգամից մեծ տարածում ստացավ, Նժդեհը անմիջապես սիրվեց հանրության կողմից, բազմաթիվ ջերմ մեկնաբանությունների ու մաղթանքների արժանացավ նաև Տաթևը։

Ի դեպ՝ երգչուհու և Նժդեհի շփումը չսահմանափակվեց միայն հաղորդմամբ։ Երգչուհին հաճախակի էր հանդիպում Նժդեհին ու այդ կադրերով կիսվում հետևորդների հետ։ Տաթևն անգամ մկրտել էր Նժդեհին, ու այդ հրապարակմանը կից գրել էր.

«Այսօր Նժդեհս դարձավ իսկական Քրիստոնյա»։

Դեռ հաղորդման ընթացքում Նժդեհի խաոսքերից պարզ դարձավ, որ տատիկը յուրահատուկ դեր ու նշանակություն ունի երեխայի կյանքում, Նժդեհի գրեթե բոլոր երազանքներն ու նպատակները կապված էին հենց տատիկի հետ։ Ցավոք, վերջերս հայտնի դարձավ, որ տատիկը մահացել է ու հանրությունն անմիջապես արձագանքեց այս լուրին, Տաթև Ասատրյանի հրապարակումների մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր գրում էին այդ մասին։ Տաթևը՝ ինքը, ավելի ուշ Նժդեհի հետ համատեղ հրապարակում արեց՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

Արդեն երեկ էլ տեղի է ունեցել երգիչ Ներսիկ Իսպիրյանի 60-ամյակին նվիրված համերգը, որի ընթացքում ելույթ էր ունեցել նաև երգչուհին։ Նժդեհը ևս ներկա է եղել համերգին։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու հրապարակած լուսանկարից, որին կից նա նշել էր.

«Այսօր Նժդեհիս հետ Ներսիկ Իսպիրյանի համերգին ենք, որտեղ նաև երգելու եմ ես»։

Առաջարկում ենք դիտել Տաթևի և Նժդեհի մասնակցությամբ հուզիչ կադրերից մի քանիսը՝ հույս հայտնելով, որ Նժդեհի կյանքում ամեն ինչ լավ է լինելու, անկախ բավականին վաղ ապրած բոլոր դժվարություններից։

Մեկնաբանություն

Որոնում