Shamshyan.com-ը գրում է.
Դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը պարեկները սահմանազատել են, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Mercedes-ի վարորդը երգիչ Սարգիս Եղիազարյանն է, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։