Մրգաշենում սպանություն․ հանցագործությունը կատարել են երկու եղբայրներ, որոնցից մեկը անչափահաս է

Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել են երկու եղբայրներ, որոնցից մեկը անչափահաս է։

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ առկա տվյալների համաձայն՝ եղբայրները դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել տուժող Ա.Ա.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով նրա մահը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով՝ եղբայրների գործողությունները որակվել են որպես մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն։ Նրանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ անչափահասի նկատմամբ՝ նույն հոդվածի 1-ին մասով։

Դեպքի առնչությամբ կայացվել են նաև ձերբակալման որոշումներ։ Նախաքննությունը շարունակվում է, և իրավապահ մարմինները շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները։