Ինչ էր ասել Ալեն Սիմոնյանը Արսեն Սաֆարյանի մասին և ինչ է պատասխանել Արսեն Սաֆարյանը․ Բացառիկ

Քաղաքական և շոուբիզնեսի ներկայացուցիչների միջև երբեմնի ջերմ հարաբերությունները, ինչպես երևում է, անցյալում են մնացել։ Շաբաթներ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հյուրընկալվելով «Tete A Tete» հաղորդմանը, անդրադարձել էր իր շփումներին շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ և նշել, որ այսօր այլևս չի շփվում երգիչ Արսեն Սաֆարյանի հետ։

ԱԺ նախագահը խոստովանել էր, որ թեև մեծ հարգանք ու սեր ունի Արսենի հանդեպ, նրանց կապը ժամանակի ընթացքում խզվել է․ «Ավելի քիչ եմ շփվում, կարելի է ասել՝ կորցրել եմ Արսենի հետ կապը։ Նրան որպես ընկեր շատ եմ սիրում, շատ եմ գնահատում և ցավում եմ, որ այլևս չենք շփվում»։ Միևնույն ժամանակ նա ենթադրել էր, որ պատճառը կարող է լինել այն, որ երգիչը իրեն է մեղադրում Արցախյան իրադարձությունների համար, ինչը, իր խոսքով, ինքը չի հասկանում։

Սակայն թեման կրկին ակտիվացավ երեկ, երբ «Ռանդևու» հաղորդման շրջանակում արդեն Արսեն Սաֆարյանը արձագանքեց ստեղծված իրավիճակին։ Երգիչը բավական կտրուկ ձևակերպեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է շարունակել շփումը․ «Ո՞նց շփվեմ ես, ում հետ շփվեմ, կամ ինչի շփվեմ։ Ես չեմ մտածում ոնց որ իրենք, չի ստացվի»։

Նա նաև անդրադարձավ իրենց հարաբերությունների սրման պատճառներին՝ հիշելով, որ պատերազմի ավարտից հետո տեղեկություններ էր լսել հայկական գյուղերի հանձնման մասին և այդ թեմայով զրույց ունեցել Ալեն Սիմոնյանի հետ։ Սակայն, երբ ամիսներ անց այդ գործընթացները իրականություն դարձան, ըստ երգչի, ինքը պարզապես այլևս ցանկություն չի ունեցել շարունակելու շփումը։

Արսեն Սաֆարյանը նաև ընդգծել է, որ չի կիսում այն տեսակետը, թե պատերազմի օրերին հայ տղամարդիկ չեն կռվել։ Նրա խոսքով՝ ինքը եղել է դաշտում, տեսել է իրականությունը․ «Այո՛, վախեցածներ էլ են եղել, դասալիքներ էլ, բայց ես չեմ ընդունում, որ տղամարդիկ չեն կռվել»։

Այսպիսով, երբեմնի մտերիմ հարաբերությունները վերածվել են բացահայտ տարաձայնությունների, որոնք, դատելով կողմերի խոսքերից, դեռևս հեռու են հարթվելուց։