Ապրիլի 24-ին հայ հայտնիները միավորվեցին․ հուզիչ գրառումներ, արցունքոտ կադրեր ու այցեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ապրիլի 24-ը կրկին միավորեց հայերին՝ հիշելու, արժևորելու և պահանջատեր մնալու համար։ Տարիները անցնում են, սակայն ցավը, վիշտը և արդարության ձգտումը մնում են մեր կոլեկտիվ հիշողության մեջ։
Հայկական շոուբիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ևս անմասն չմնացին այս կարևոր օրից․ նրանք սոցիալական հարթակներում կիսվեցին հուզիչ գրառումներով, մասնակցեցին հիշատակի երթին և այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։
Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ եղել է Ծիծեռնակաբերդում և հրապարակել լուսանկար՝ ընդգծելով հիշողության կարևորությունը։

Հռիփսիմե Հակոբյան հուշահամալիրում կատարել է ցեղասպանությանը նվիրված երգ՝ իր արվեստով փոխանցելով ցավն ու հարգանքը։

Անի Խաչիկյանը կիսվել է Արարատ լեռան լուսանկարով և գրել խորիմաստ խոսքեր ինքնության, հիշողության և գոյության մասին՝ ընդգծելով, որ իր ընտանիքի փրկությունը ձևավորել է իր ներկայությունը։«Իրական լինելու համար լինել այստեղ ու հիմա որոշիչ է այնքան, որքան իմանալ որտեղից ես և ունենալ հիշողությունը ինքնություն ունենալու համար ես ու տղես չէինք լինի, եթե մորական պապիս ու հորական տատիս ընտանիքներըէս սարի էն կողմից էս կողմ չանցնեին, սա է իմ իրական պատմությունը և մեզնից շատերը որ եղանք և նրանց որ կլինեին․․․»․ գրել է նա։

Անաիս Սարդարյանը երեխաների հետ մասնակցել է երթին՝ նշելով․ «Նրանք պետք է սովորեն, պետք է հիշեն»։

Անդրեն հիշատակի օրը հանդես է եկել նոր երգով՝ հենց Ծիծեռնակաբերդից՝ միավորելով երաժշտությունն ու ազգային հիշողությունը։

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հրապարակել է հոլովակներ, որոնցից մեկում էլ երթի մասնակիցներն են Արցախի դրոշով և գրել․ “Չի կարող այս դրոշը չհուզել մեզ”։ Հասմիկ Խոջյանը իր ընտանիքի հետ ևս եղել է հուշահամալիրում՝ ծաղիկներ խոնարհելու։

Ապրիլի 24-ը ոչ միայն սգի, այլ նաև հիշողության, ինքնության և միասնականության օր է։ Հայ հայտնիների այս քայլերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հիշողությունը շարունակվում է ապրել յուրաքանչյուր սերնդի մեջ, և պահանջատիրությունը չի մարում ժամանակի ընթացքում։

















